Դատավոր Դավիթ Գրիգորյանի գործը մակագրվել է դատավոր Դավիթ Բալայանին
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի և նույն դատարանի դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի նկատմամբ պաշտոնեական կեղծիքներ կատարելու մեղադրանքով քրեական գործը մակագրվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանին: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեց ԲԴԽ մամուլի խոսնակ Արման Խաչատրյանը:
Նշենք, որ մայիսի 15-ին հայտնի դարձավ, որ Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել էր ու գործը՝ մեղադրական եզրակացությամբ, հանձնվել էր հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցվել էին 2019 թվականի հուլիսի 27-ին՝ նույն թվականի հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի ներկայացրած միջնորդության արդյունքում:
Նշենք նաև, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի 2019 թվական մայիսի 18-ի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ էր արձակվել: Դրանից օրեր անց՝ հուլիսի 17-ին, ՀՔԾ-ն խուզարկություն էր իրականացրել Գրիգորյանի աշխատասենյակում, և, ինչպես օրեր անց 168.am-ին հայտնել էր Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը, առգրավվել էին բացառապես Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր և կրիչներ: