Ոստիկանները հանցավոր խումբ են բռնել
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Սևան քաղաքի 25-ամյա մի բնակիչ Արարատի մարզի մի շարք գյուղերում մեքենաներից գողություններ է արել:
Մայիսի 13-ին, ժամը 14-ի սահմաններում, քրեական հետախույզները, Սևանի բաժնի ծառայողների հետ, Սևան քաղաքի Դեմիրճյան փողոցից կասկածվողին «ՎԱԶ- 2115» մակնիշի իր մեքենայով բերման ենթարկեցին ոստիկանության Արտաշատի բաժին:
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ մայիսի 9-ից 10-ը նա, Հրազդանի 29-ամյա մի բնակչուհու և 22-ամյա մի երիտասարդի հետ, Արարատի մարզի Մրգավան, Դալար և Բերքանուշ գյուղերում կայանված 8 տարբեր մակնիշի մեքենաներից կատարել է գողություններ:
Նույն օրը ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների հետ համատեղ միջոցառումներով Հրազդան քաղաքից ոստիկանության Արտաշատի բաժին բերման ենթարկվեցին գողության մյուս մասնակիցները:
Նրանք տվել են խոստովանական բացատրություններ:
Տուժողներից ընդունվել է հաղորդում:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Իրավապահները պարզել են նաև, որ կասկածվողներն ապրիլ-մայիս ամիսներին Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում տարբեր մակնիշի մեքենաներից մարտկոց են գողացել:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: