«2016թ. Ալիևը պարտադրված ընդունել էր Սերժ Սարգսյանի խաղի կանոնները. Դուշանբեում Ալիևը փակուղուց դուրս եկավ». Դավիթ Ջամալյան
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախի ընտրված ներկայացուցիչներ» ձևակերպումը վկայում է այն բանի մասին, որ գործող իշխանությունները բանակցություններում մեզ համար ոչ նպաստավոր համաձայնությունների են եկել ադրբեջանական կողմի կամ միջնորդների հետ, և ըստ նրա՝ այդ համաձայնությունների համատեքստում էլ այդ ձևակերպումն է կիրառվում:
«Ինքնախաբեության տրվել չի կարելի, «Արցախի ընտրված ներկայացուցիչներ» տերմինը չի կարող նույնական լինել «Արցախի լեգիտիմ իշխանություններ» տերմինի հետ: Եթե նման տերմինաբանություն շրջանառության մեջ է դնում ՀՀ վարչապետը, սա կրկին հուշում է, որ բանակցային գործընթացում ունենք տագնապահարույց զարգացումներ: Սա եթե ոչ՝ ուղղակի, ապա՝ անուղղակիորեն կոչված է նաև լեգիտիմ դարձնել, այսպես կոչված, Արցախի ադրբեջանական համայնքը՝ բանակցային գործընթացում: Սա Արցախի ադրբեջանական համայնքին սուբյեկտայնություն հաղորդելու մի քայլ է: Իրականում սա շատ վտանգավոր բան է՝ էական զիջում է»,- ասաց նա:
Դավիթ Ջամալյանը նկատեց՝ հայանպաստ լուծման այն հանգրվանը, որը Նիկոլ Փաշինյանին բաժին էր հասել իշխանափոխությունից հետո, պետք էր որպես պլացդարմ օգտագործել՝ հաջողությունը զարգացնելու համար. «Ունենալով լեգիտիմություն՝ ինքը ուներ և հիմա էլ ունի հնարավորություն՝ այդ դիրքերից շարունակել հայանպաստ գործընթացը բանակցություններում: 2016թ. ագրեսիայի ձախողումից հետո վերահաստատվել էր Արցախի պետական սահմանը, ագրեսորը պետք է պատասխան տար իր ագրեսիայի համար, դա ինչ-որ կերպ պետք է դիվանագիտական հարթությունում դրսևորվեր: Ապրիլյան ագրեսիայի դիվանագիտական ռեսուրսը Սերժ Սարգսյանն ամբողջովին օգտագործել էր՝ երեք պայմանավորվածություններով ամրագրվել էր Արցախի պետական սահմանի վերահաստատված լինելու փաստը»:
Նրա խոսքով՝ փուլային տարբերակով ընթանալ հնարավոր չէ. «Դա չի բերելու կարգավորման, դա բերելու է Արցախի կորստի՝ հարվածի տակ դնելով նաև Սյունիքը, որովհետև թուրք-ադրբեջանական տանդեմի հեռահար նպատակը եղել և մնում է Նախիջևանի անկլավային վիճակը վերացնելը: Հիմա իշխանությունները գլորվել, հասել են մի կետի, որից այն կողմ կարմիր գիծ է, որը չի կարելի անցնել: Փաստեր չունենք՝ ասելու համար, որ Նիկոլ Փաշինյանը դիտավորյալ է ամեն ինչ արել, բայց էական էլ չէ՝ անփորձության արդյո՞ւնքն է, թե՞ դիտավորության: Անփորձությանը զուգահեռ՝ կար ամբարտավանություն: Երբ ինքը բովանդակային բանակցություններ էր սկսում Ալիևի հետ, բազմաթիվ փորձագետներ զգուշացնում էին, որ սա ծուղակ է: Դուք վերելակից դուրս եկաք՝ իրականում Ալիևը փակուղուց դուրս եկավ, նա փակուղում էր հայտնվել 2016թ. հետո, որովհետև չկար բովանդակային բանակցությունների անցնելու հեռանկար, և, փաստորեն, Ալիևը պարտադրված ընդունել էր Սերժ Սարգսյանի խաղի կանոնները: Երբ դուք հրադադարի ժամանակավոր պահպանումը ընկալում եք՝ իբրև ձեռքբերում, իսկ Փաշինյանը դա ներկայացրեց ձեռքբերում, ինքը փոփոխելի, իրադրական մի փոքրիկ մի բան վերցրեց, իսկ փոխարենը՝ մենք կորցրինք ստրատեգիական առավելությունը բանակցային գործընթացում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում