Վարչապետի սենսացիոն հայտարարությունը. ինչո՞ւ են թալանված փողերի մասին իրար հակասող թվեր հրապարակում
Վարչապետը հայտարարել էր, թե հեղափոխությանը հաջորդող ժամանակահատվածում բյուջե է վերականգնել կոռուպցիոն հանցագործությունների գծով մոտ 105 մլն դոլար։ Ըստ Գլխավոր Դատախազության՝ 2018-ի և 2019-ի տարեկան հաղորդումների՝ բոլոր հանցագործությունների գծով վերականգնված գումարը 40 մլրդ դրամ է, միայն կոռուպցիոն հանցագործությունների գծով՝ 5 մլրդ դրամ: ԱԱԾ-ն էլ հայտարարել է, որ կոռուպցիոն հանցագործությունների գծով 26 մլրդ է վերականգնել: Լրագրողներից մեկը այսօր հրավիրված առցանց ասուլիսի ժամանակ վարչապետին հարցեր էր ուղղել, թե ինչո՞վ են պայմանավորված այս հակասությունները, և որքա՞ն է վերականգնված գումարի իրական թիվը:
«Այո, պաշտոնական թվերով 40 մլրդ է վերականգնվել բյուջե, դա, իհարկե, 105 մլն դոլար չէ, այլ ավելի պակաս է, բայց վերականգնվել է ավելի քան 105 մլն դոլար: Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի ընտանիքի հաշվեհամար էր հայտնաբերվել, որտեղ 28 կամ 30 մլն դոլար գումար կար։ Հետո ընթացակարգերի և հանգամանքների բերումով, այդ գումարը, ինչքան ես հիշում եմ, նվիրաբերվեց Արցախի Հանրապետությանը և այդ գումարն օգտագործվեց ռազմական, պաշտպանական, անվտանգային կարիքների համար։ Այդ հատվածը չի վերականգնվել՝ ըստ ընթացակարգերի, այլ Արցախին է վերադարձվել այլ ընթացակարգով, և թվերի անհամապատասխանության պատճառը դա է»,- ասաց Փաշինյանը:
Հարցին պատասխանելուց հետո վարչապետը հարց ուղղեց, հավանաբար, առցանց ասուլիսին ֆիզիկապես ներկա գտնվող իր մամուլի խոսնակին.
«Չենք հայտարարե՞լ նախկինում, սենսացիոն հայտարարություն արեցի՞»: