«Սպորտի ոլորտը համակարգող փոխնախարարը երևի ավելի կարևոր գործեր է ունեցել». Ջուլֆալակյանը՝ պարետին
ԱԺ այսօրվա արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ են անում ՀՀ այն քաղաքացիների համար, որոնք այս ընթացքում գտնվել են Միացյալ Նահանգներում, և նրանց վիզայի ժամկետը լրացել է:
Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե մշակույթի և սպորտի ոլորտի խմբակներին ի՞նչ է սպասվելու, կարո՞ղ են արդեն վերսկսել իրենց աշխատանքները:
Պատասխանելով հարցին, Տիգրան Ավինյանը նախ տեղեկացրեց, որ արդեն քննարկվում է նախարարական կոմիտեների, ինչպես նաև Կառավարության նիստերը հեռավար կերպով կազմակերպելու հարցերը: Նման նախագիծ է ներկայացրել Արդարադատության նախարարությունը, որը մոտ ապագայում կքննարկեն կոմիտեի նիստին:
«Այս փուլում դեռևս բացվում են բացօթյա մշակութային օբյեկտները՝ որոշակի կանոնների պահպանմամբ, քանի որ իրականում այնտեղ ռիսկը նվազ է: Խմբակները նույնպես որոշակի կանոնների պահպանմամբ բացվում են»,- ասաց Տիգրան Ավինյանը:
Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ քաղաքացիների խնդիրներին, ապա, Ավինյանի խոսքով՝ Կառավարությունն այդ խնդիրներին տեղյակ է, և Արտաքին գործերի նախարարությունն այդ հարցով զբաղվում է:
Արձագանքելով՝ Արսեն Ջուլֆալակյանն անդրադարձավ պրոֆեսիոնալ սպորտին:
«Դուք ասացինք, որ, եթե հետաքրքիր առաջարկներ լինի, կարելի է կազմակերպչական աշխատանքներ ձեռնարկել և իրականացնել ուսումնամարզական հավաքներ: Սրա հետ կապված՝ մայիսի սկզբներին առաջարկ արել եմ, բայց սխալվել եմ այն առումով, որ հարցը միասին պետք է քննարկեինք՝ սպորտի ոլորտը համակարգող փոխնախարարը երևի ավելի կարևոր գործեր է ունեցել և դրա մասին ձեզ չի ասել»,- շեշտեց պատգամավորը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում