Բաժիններ՝

Արագ փոփոխվող համավարակը

Կորնավիրուսն ամենաքննարկվող թեման է: Համավարակի մասին խոսում են բոլորը: Նույնիսկ իշխանություններն են սպառնում դրա դեմ պայքարի նոր ծրագիր սկսել: Կամ՝ թարմացնել գործող ծրագիրը: Կամ՝ խստացնել այն: Ակնհայտ է, որ դժվար է ժամ առ ժամ փոխվող իրավիճակի համար միջոցառումների ցանկ մշակել: Չես հասցնում արձանագրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները՝ մոտ 4.4 մլն վարակված, մոտ 294.000 մահ, մոտ 1.6 մլն առողջացած: Չես հասցնում, որովհետև դրանք փոփոխվում են ու փոփոխվում են շատ արագ: Նույնիսկ մեր՝ ծավալներով համեստ վիճակագրությանը չես հասցնում հետևել: Սակայն ընդհանուր միտումներ, միևնույն է, արդեն ձևավորվել են:

Մեր ու հարևանների տեղը համավարակի ցանկում

Հայաստանը բնակչության քանակով աշխարհի 137-րդ երկիրն էր: Կորոնավիրուսի վարակակիրների քանակով մենք անցած շաբաթվա վերջում 65-րդն էինք: Իսկ այս շաբաթվա կեսին արդեն 64-րդն ենք: Անցած շաբաթվա վերջին մենք 1 մլն բնակչի հաշվարկով 1022 հիվանդացած էինք արձանագրել: Այս շաբաթվա կեսին վարակվածների թիվը՝ 1 մլն բնակչի հաշվով, արդեն 1255 է:

Անցած մի քանի օրվա ընթացքում վարակվածների բացարձակ քանակով Ադրբեջանը 71-րդ տեղից «բարձրացել է» 70-րդ տեղ: Այս երկրում 1 մլն բնակչի հաշվով հիվանդացածները՝ 266 են, մահերի քանակը մնացել է նույնը՝ 3: Վրաստանում արդեն արտակարգ դրությունն ու արգելքները կամաց-կամաց մեղմելու ծրագրեր են քննարկում: Քննարկում են, որովհետև մի քանի օրվա մեջ վարակվածների բացարձակ թվով 111-րդ տեղից «իջել են» 116-րդ: 1 մլն-ի հաշվարկով՝ ընդամենը 162 հիվանդ են արձանագրելը և 3 մահ: Բայց այս թվերից առաջ էր վրաց բախտը բերելու մասին իր հանրահայտ կարծիքն ասել մեր համապատասխան նախարարը: Ասել էր՝ մոռանալով պոետի ձևակերպումը. «Բախտ բերելս ո՞րն է, բախտը՝ ձեռք են բերում»:

Թեստերի քանակն ու հիվանդները

Կորոնավիրուսի համավարակի օրերին շատ հարուստ պետություններ փորձեցին (որոշները՝ փորձում են) բնակչության հնարավորինս ամբողջական թեստավորում անցկացնել: Նպատակը հստակ է՝ որքան շատ են թեստավորվածները, այնքան հավաստի է համավարակի վիճակագրությունը: Թեստավորումների գծով բացարձակ առաջատար են ԱՄՆ-ը (անցկացվել է մոտ 10 մլն թեստ), Ռուսաստանը (անցկացվել  մոտ 6 մլն թեստ) և Գերմանիան (թեստերի քանակը՝ մոտ 2.7 մլն): ԱՀԿ-ն աշխարհի երկրների մասշտաբով թեստերի վիճակագրություն չի վարում: Պատճառը հավանաբար այն է, որ որոշ երկրներ թեստավորման վիճակագրություն չեն հրապարակում: Իսկ հրապարակող երկրների մասին կարելի է արձանագրել հետևյալը՝ ԱՄՆ-ում թեստերի 14 տոկոսի արդյունքում վարակակիր է արձանագրվում: Ֆրանսիայում ցուցանիշը 13 է, Ռուսաստանում՝ 4 տոկոս: Մասնագետների կարծիքով՝ վարակվածության բարձր ցուցանիշ արձանագրվում է այն երկրներում, որտեղ թեստավորվում են թիրախային խմբերը: Իսկ առանձին երկրներ (Ռուսաստան, ԱՄԷ, Սաուդյան Արաբիա և այլն), առանց խնայելու իրենց, թույլ են տալիս հնարավորինս համընդհանուր թեստավորում անցկացնել:

Օրինակ, Մոսկվայի քաղաքապետը վստահ է, որ թեստավորման ծավալների մեծացման արդյունքում  2-2.5 անգամ ավելի շատ վարակված կարձանագրվի ՌԴ մայրաքաղաքում: Մեր թեստերի քանակը մոտ 35.000 է: Վրաստանինը՝ մոտ 33.500: Ադրբեջանինը՝ մոտ 202.000: 1 մլն բնակչի հաշվով՝ Հայաստանում թեստավորվել է 11.732 մարդ, Վրաստանում՝ 8 400, Ադրբեջանում՝ մոտ 20.000 մարդ: Մեր թեստերի 10.7 տոկոսն է վարակված արձանագրել: Վրաց՝ 1.9 տոկոսը, ադրբեջանականների՝ 1.3 տոկոսը: Այս թվերը մասնագիտական վերլուծության են արժանի: Հատկապես, որ մեկ-երկու օրից համավարակի պայմաններում հասարակական կյանքի կազմակերպման քաղաքական նոր որոշում-ծրագիր է ընդունվելու: Բայց երևի այս դեպքում էլ մասնագիտական քննարկում կազմակերպելը պարտադիր չհամարվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս