«Փաշինյանը հիպնոս է անում ժողովրդին». Վահե Վարսանյան

«Իշխանություններն իրենք էլ քիչ են պահպանում անվտանգության կանոնները: Նույնիսկ, եթե ձեռնամարտ է լինում, այդ կանոններն ամբողջ օրը քարոզում են, որ պետք է սոցիալական հեռավորություն պահել, բայց ձեռնամարտի ժամանակ բոլորով մի հոգու վրա հարձակվում են, իսկ դա այնքան էլ անվտանգ չէ վարակվելու տեսանկյունից»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ, նկատի ունենալով ԱԺ-ում Էդմոն Մարուքյանի ու Սասուն Միքայելյանի միջև սկսված, ապա ծավալված ծեծկռտուքը, հայտարարեց դեղեր ներկրող խոշորագույն «Վագա-ֆարմ» ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանը:

Անդրադառնալով ներկայիս ԱԺ իշխող կուսակցության կազմին` Վահե Վարսանյանն ասաց, որ 88 հոգի մարդ կա այնտեղ, հայտնի չէ, թե Նիկոլ Փաշինյանը որտեղից է նրանց բերել, բայց նրանք ամորֆ զանգված են, ասես գոլ ջուր լինեն:

«Իրար մեջ էլ չեն մրցակցում, քննարկում: Գոնե մրցակցությունից պետք է որակ դուրս գար: Այդքան հարկ ենք տալիս, այդքան աշխատավարձ ու պրեմիա են ստանում, բայց չեմ տեսնում, որ գործ են անում»,- ասաց Վահե Վարսանյանը:

Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանն ու թիմը մի Էդմոն Մարուքյանի չկարողացան կապիտուլյացիայի ենթարկել, և հիմա եթե ադրբեջանցիները դա տեսնեն, կարող են գնալ սադրանքների, որովհետև նույնիսկ այդ պրիմիտիվ մարտը տանուլ տվեցին:

«Միևնույն է, պատասխանատվությունն այդ օրը Փաշինյանը վերցրել էր իր վրա: Վերցրել էր, գոնե այդ մարտը ճիշտ կազմակերպեր, որ տեսնեինք` ինչ հմտություններ ունի»,- ասաց Վահե Վարսանյանը:

Գործարարը նշում է, որ ծեծկռտուքից հետո Փաշինյանը հիմնավորեց ու արդարացրեց Սասուն Միքայելյանի պրովոկացիան:

«Սասուն Միքայելյանը «քշում» էր Էդմոնի վրա, ասում են՝ կարող է` ուզում էր դուրս գնար. այդպես չի՛ կարելի: Ու Փաշինյանը պատասխանատվություն է կրում ոչ թե իր մանեկենների, այլ ժողովրդի մոտ»,- նկատեց Վահե Վարսանյանը` ընդգծելով, որ ակնհայտ պրովոկացիան կատարվում է իշխանությունների կողմից, բայց վերջիններս ասում են` մեզ սադրում են:

Վերջինիս կարծիքով` փոխանակ վարչապետն ինքը կանգներ ու սաստեր և Սասուն Միքայելյանին պատասխանատվության ենթարկեր` մանդատից զրկելու տեսքով, մի բան էլ դեռ արդարացնում է նրա արարքը:

«Սասուն Միքայելյանը չարիք է ու ավելի շատ քաղաքական այդ ուժին վնաս է տալիս: Փոխանակ սուսուփուս հանեն, մանդատի փոխանակումներ են առաջարկում… Լկտիացել են: Նայում ես ԱԺ-ի քննարկումները, ոնց որ երեխա լինեն: Մեկը մի բան է ասում, մյուսն ասում է` ինչո՞ւ ես քեզ վրա վերցնում: Ոնց որ պատրաստվեն գաղութ գնալու…»,- ասաց «Վագա-ֆարմի» հիմնադիրը:

Ըստ նրա` եթե սկզբում ներկա ու նախկին իշխանությունները համեմատելի չէին, հիմա աստիճանաբար համեմատելի են դառնում թե նյութական արժեքների հետևից գնալու, թե բռնությունների դիմելու օրինակներով:

Անդրադառնալով գործող իշխանությունների՝ նախկին իշխանություններին ուղղված անդադար մեղադրանքներին, ասաց.

«Նույն Սասուն Միքայելյանը 1995-96թթ. Երկրապահից չի՞ եղել, Սերժ Սարգսյանին չի՞ ծառայել: Եթե հնարավորություն ունենաք, Սերժ Սարգսյանին կհարցնեք, թե Սասուն Միքայելյանի սեփականաշնորհումների հարցերն ով էր միջնորդում՝ Սերժ Սարգսյանը: Հետո, դրանից հետո անցավ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմը, հետո՝ Նիկոլի կողմը…»:

Խոսելով կառավարության կողմից կորոնավիրուսով պայմանավորված ներկայիս ճգնաժամի պայմաններում տրվող օգնությունների մասին` ուղղված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանը, Վահե Վարսանյանն ասաց, որ այդ «գդալ-գդալ» տրվող օգնությունները ոչ մի հարց չեն լուծելու, պետք են շոշափելի ներարկումներ:

«Ո՞նց կարելի է ժողովրդին անընդհատ հիպնոս անել, ասել՝ դուք լավ եք, ձեր վիճակը լավ է, բարեկեցիկ է, մենք ձեզ օգնեցինք… Փաշինյանը հիպնոս է անում ժողովրդին»,- ասաց Վահե Վարսանյանը:

Տեսանյութեր

Լրահոս