Իշխանական պատգամավորը՝ Լանզարոտեի կոնվենցիայի մասին

Մայիսի 11-ին խորհրդարանը 79 կողմ, 12 դեմ ձայների հարաբերակցությամբ վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որն այլ կերպ կոչվում է Լանզարոտեի կոնվենցիա:

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն անդրադարձավ այս կոնվենցիային, որի վերաբերյալ եղել են բազմաթիվ դեմ կարծիքներ:

Ըստ իշխանական պատգամավորի, մանկապղծության դեմ կոնվենցիայի դրույթներից մեկը վերաբերում է երեխաների կրթությանը, այն խրախուսում է երկրներին իրենց ազգային կրթական ծրագրերում ունենալ միջոցներ՝ երեխաներին իրենց սեռական անձեռնմխելիության վերաբերյալ վտանգների ու ռիսկերի առաջին ազդանշանները ճանաչել:

«Սա չի նշանակում, որ տարրական և միջնակարգ դպրոցում երեխաները պետք է սովորեն, թե ինչ է առհասարակ սեռական անձեռնմխելիությունը, դրանք դժվարամարս բառեր են, ինչպես հասկանում եմ՝ նաև որոշ չափահաս քաղաքացիների համար, ուր մնաց՝ փոքր երեխաների: Այսինքն՝ այստեղ երեխաների տարիքին, նրանց ունակություններին հարմարեցված, ունակությունների տրամադրումն է, թե ինչպես ճանաչել չափահաս անձանց վարքի մեջ սեռական ոտնձգության հնարավոր ազդանշանները, որոնցից նրանց վտանգներ են սպառնում»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ սեռական շահագործման առումով երեխաներն ավելի խոցելի են վաղ տարիքում, քանի որ 16-17 տարեկան տղաներն ու աղջիկներն ավելի ունակ են իրենց պաշտպանելու:

«Որևէ մեկը չի պատրաստվում երեխաներին Քրեական օրենսգիրքը դասավանդել, այս կերպ մտածելը բանական չէ: Խոսքը սեռական ոտնձգության վաղ նշանները ճանաչելու և մեծահասակներից օգնություն խնդրելու ունակությունների մասին է»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս