Հիշո՞ւմ եք՝ Սերժ Սարգսյանն ասում էր՝ ես կրկեսի վերածելու հայրենիք չունեմ. նա չուներ, Նիկոլն ունի․ Դավիթ Շահնազարյան

Նիկոլ Փաշինյանը ոչնչացրել է ազգային բոլոր ինստիտուտները։ Այս մասին. News.am-ի հաղորդմամբ, Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը։

«Չեք տեսնո՞ւմ, ինչպես է քլունգն առած Փաշինյանը քանդում մեր պետականությունը։ Այսօր Հայաստանում չկա որեւէ լուրջ վերլուծական մարմին, որը կանխատեսի՝ ինչ է լինելու։ Տեսնում եք՝ հիմա ինչքան են խոսում տարածաշրջանային անընդհատ փոփոխվող խմորումների մասին։ Այստեղ ոչ ոք չի զբաղվում այդ խնդիրներով»։

Դավիթ Շահնազարյանի ձեւակերպմամբ՝ տեղի է ունենում պետական ինստիտուտների կազմաքանդում։

«Այսօր չի մնացել որեւէ ինստիտուտ, որը դիմակայի ամբողջ աշխարհում ադրբեջանական լոբբիստական արշավի դեմ։ Փոխարենը ստեղծել է ֆեյքերի ինստիտուտը, որոնք հայհոյանքներով հարձակվում են ընդդիմախոսների վրա։ Մարդիկ ստիպված թողնելով իրենց գործը, սկսում են դրա դեմն առնելու փորձերն անել, ինչը շեղում է նրանց։ Տեսեք ոստիկանությանն ինչ օրն է գցել։ Պատկերացնում ե՞ք՝ ոստիկանը զենքով սպառնում է հինգ տարեկան երեխայի դիմաց նրա ընտանիքի անդամներին (նկատի ունի ոստիկանների՝ Վստրեչի Ապեր անւնով հայտնի Արամ Վարդանյանի ընտանիքին պատկանող տներ մուտք գործելու և տունը տակնուվրա անելու միջադեպը՝ խմբ․)»։

Խոսելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի ու «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի միջև ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին՝ Դավիթ Շահնազարյանն ասել է․ «Այս միջադեպը ծրագրել ու հրահանգել է Նիկոլ Փաշինյանը։ Այսպիսի միջադեպով նա փորձել է ցույց տալ, որ Ազգային ժողովը իր կառավարության վարչություններից մեկն է։ Ինչո՞ւ էր նա գնահատական տալիս այդ միջադեպին։ Ազգային ժողովի նախագահ կա, ղեկավարություն կա։ Ինքը ցույց տվեց, որ Ազգային ժողով չկա, իր գրպանում է»։

Հայաստանում, ըստ Դավիթ Շահնազարյանի, վաղուց չկա օրենքի գերակայություն, անմեղության կանխավարկած։

«Նա ասում է՝ ես եմ օրենքը», ասել է Դ․Շահնազարյանը։

Այս իշխանության օրոք Հայաստանը քաղաքականապես մեկուսացված է, ասել է Դավիթ Շահնազարյանը։ Ըստ նրա՝ Մայիսի 9-ի առիթով, ՌԴ նախագահ Պուտինը հեռախոսազանգով շնորհավորել է տասնյակ պետությունների ղեկավարների, այդ թվում՝ Իլհամ Ալիեւի հետ, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը Դավիթ Շահնազարյանը խայտառակություն է որակել․

«Դատախազների լկտվի պահվածքը․․․ Խայտառակություն է։ Դա Մարտի 1-ի գործ չէ, դա դատավարություն է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Պետք է վարկաբեկել ամեն լավ բան, որ մեր պատմության մեջ եղել է, այդ թվում Ապրիլյան փառահեղ հաղթանակը։ Իմ կարծիքով՝ ինչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը, երբ ասում էր՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալ։ Հիշում եք՝ Սերժ Սարգսյանն ասում էր՝ ես կրկեսի վերածելու հայրենիք չունեմ։ Նա չուներ, Նիկոլը ունի։ Ես կարծում եմ՝ դա նկատի ուներ Սերժ Սարգսյանը»։

Տեսանյութեր

Լրահոս