«Աստղիկ» ԲԿ-ի բուժաշխատողները պարբերաբար թեստավորվում են. ԲԿ մամուլի պատասխանատու
Քիչ առաջ 168.am-ը տեղեկություն ստացավ, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնի բուժաշխատողների մեծ մասը կորոնավիրուսի կասկածով մեկուսացվել է:
«Աստղիկ» ԲԿ-ի մամուլի պատասխանատու Լուսինե Պետրոսյանը 168.am-ի հետ զրույցում ժխտեց այդ տեղեկությունը, բայց հայտնեց, որ ԲԿ-ի աշխատակիցները պարբերաբար թեստավորվում են՝ հիվանդության տարածումը բացառելու համար:
«Նախ, այսպես ասեմ, մեր մոտ մեկուսարան կա, որտեղ որ թեստավորվում են բոլոր պացիենտները «Աստղիկ»-ի, հատկապես ստացիոնար բուժում ստացողները, անցնում են կորոնավիրուսի թեստավորում անվճար, բոլոր բուժաշխատողները անցնում են թեստավորում անվճար: Բոլոր կասկածելի անամնեզով և ջերմող հիվանդները սպասարկվում են դրսի մասնաշենքում՝ մեկուսարանում: Եվ չի մտնում կասկածելի հիվանդը հիմնական մասնաշենք:
Եթե, օրինակ, սովորական անձինք, այցելուները միայն դրսում՝ մուտքերի մոտ են ջերմաչափվում, բուժաշխատողները նաև կրկնակի ջերմաչափում են անցնում արդեն սնդիկավոր ջերմաչափով՝ ներսում, օրը երկու անգամ պարտադիր, որպեսզի հնարավորինս բացառենք»,- ասաց Լուսինե Պետրոսյանը:
Հստակեցնող հարցին, թե բուժաշխատողները թեստավորվո՞ւմ են, որովհետև դա այս պահին պարտադիր է ու կարելի է համարել կանոնակարգի մաս, Լուսինե Պետրոսյանն ասաց.
«Այո, դա կանոնակարգի մաս է, բուժաշխատողները պարտադիր թեստավորվում են, պարտադիր անցնում են նաև կատե հետազոտություն՝ ըստ չափորոշիչների, այսինքն՝ քանի օրը մեկ պետք է թեստավորումը, այդքան պարբերականությամբ անցնում են, որպեսզի բացառենք հնարավոր հիվանդության տարածումը, ամեն կերպ «Աստղիկ»-ը պահելով No-COVID հիվանդանոց: Սա մեր համար այս պահին գլխավոր առաքելությունն է՝ լինել հնարավորինս զերծ վիրուսից, որպեսզի կարողանանք պլանային վիրահատություններ անել»:
Մեր հարցին, թե թեստավորման արդյունքում քանի՞ բուժաշխատողի մոտ է դրական արդյունք գրանցվել, Լ. Պետրոսյանն ասաց, որ այդ հարցին կկարողանա պատասխանել համաճարակաբանը:
«Եթե լինում են դեպքեր, որ դրական են գալիս, իրենք անմիջապես դա մուտք են անում ընդհանուր բազա, դա հստակ երևում է նախարարության ցանկում, և պացիենտը տեղափոխվում է արդեն համապատասխան բուժհիմնարկ, իսկ կոնտակտավոր անձինք՝ բնականաբար, ինչպես պահանջում է նախարարությունը, ինչպես դրված են չափորոշիչները»,- ասաց Լ. Պետրոսյանը:
«Աստղիկ» ԲԿ-ի մամուլի պատասխանատուն մեզ խոստացավ ավելի ուշ անձամբ խոսել կենտրոնի համաճարակաբանի և լաբորատորիայի ներկայացուցչի հետ և հայտնել, թե քանի դրական դեպք է գրանցվել բուժկենտրոնում, ապա տեղեկացրեց, որ այս տեղեկությունը կկարողանան մեզ տրամադրել միայն հարցում ուղարկելու դեպքում:
Հ.Գ. «Աստղիկ» ԲԿ ուղարկած հարցման պատասխանը կներկայացնենք առաջիկայում: