«Եկանք այն համոզման, որ մեր Կառավարությունը չի սիրում արցախյան պատերազմը». Սաթիկ Խլղաթյանը՝ ազատամարտիկների պատվովճարների մասին

«Մեզ բացակա չդնեք» հ/կ ղեկավար Սաթիկ Խլղաթյանը մայիսյան եռատոնին ընդառաջ դիմել էր վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանին և խնդրել, որ, տոների առիթով զոհված ազատամարտիկների ընտանիքներին առանձնացնեն և 30 հազար պատվովճարի վրա որոշակի գումար ավելացնեն՝ որպես ուշադրություն, սակայն խնդրանքը դրական արձագանքի չի արժանացել: Այսօր՝ մայիսի 12-ին, Զինվոր ՀԿ-ի կազմակերպած ասուլիսի ժամանակ պատմեց Սաթիկ Խլղաթյանը:

«Ասել եմ՝ խնդրում եմ, վարչապետին փոխանցեք անձամբ իմ անունից, որ ՊՆ-ից ցուցակ վերցնեն, ու այդ 30.000-ի վրա որոշակի գումար ավելացնեն, որ այս մարդիկ շոյվեն: Արձագանքը մնաց նույնը: Եկանք այն համոզման, որ մեր կառավարությունը չի սիրում Արցախյան պատերազմը: Երևի Արցախյան պատերազմը կերտողներից, կներեք բառիս համար, ուղղակի զզվում են այդ մարդիկ, մարդկային մոտեցում, մի ջերմ բառ չկա: Դուք տեսնում եք, որ բավականին մարդկանց օգնեցին, իսկ մեր ընտանիքները մնացին նորից ստվերում»,- ասաց Խլղաթյանը:

«Մեզ բացակա չդնեք» հ/կ ղեկավարը նեղսրտում է, որ ազատամարտիկները և զոհված ազատամարտիկների ընտանիքները խնդիրներ ունեն. մեկը՝ ջրի, մեկը՝ լույսի, մեկը ՝ գազի, մեկը՝ առողջական: Դեռ անցած տարի, երբ Կառավարությունը որոշեց Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին միանվագ 30 մլն դրամ աջակցություն տալ, սևազգեստ մայրերը դիմել էին Կառավարությանը, որ բարձրացնեն նաև ազատամարտիկների 30.000 դրամ պատվովճարը: «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի բոլոր նամակներն անպատասխան են մնացել:

«Խորհուրդը հղում է կատարել, որ 668 հրամանը փոխվի, որով 30 հազար դրամ պարգևավճար են տալիս, առաջարկել ենք բարձրացնել այն: Ասել ենք, որ, անգամ ճղճիմ գումար ավելացնելով՝ դուք սատարում եք մեր զինվորների ընտանիքներին: 8-10 դիմումի չեն արձագանքել, ո՛չ դրական, ո՛չ բացասական պատասխան չենք ստացել: 30 մլն տվել եք, մարդ եք դատապարտում, Երկրորդ նախագահ եք դատապարտում, մենք ցմահ ենք դատապարտված, մեր որդիներին տվել՝ չենք ստացել: Այսօր նամակ ստացա, որ Քլոյանենք (Մարտի 1-ի զոհ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը) ինձ դատի են տվել, թե՝ ինչի՞ ես բարձրաձայնել, որ մեզ 30 մլն են տվել, ձեզ չեն տվել: Ես դատվելուց չեմ վախենում: Այս ընթացքում ես համոզվեցի մի բանում, որ մեր Կառավարությունը հիմնված է ստի, կեղծիքի, պարգևավճարների, մեկը մյուսի վրա քրեական գործ հարուցելու, հայրենիքի սահմանները չպաշտպանելու, հայրենիքը կործանման եզրին տանելու վրա»,- ասաց Խաչատրյանը:

«Մարտի 1-ին այդքա՞ն կարևոր գործ էին արել, Աստված թող ինձ ների, թող ավելի շատ մեծարեն, ինչ էլ անեն, քիչ կլինի ծնողների համար, բայց բա մեր տղաներն ի՞նչ են արել, Կառավարությունը դա չի հասկանո՞ւմ, անտեսված են այս ընտանիքները, հույս էլ չունենք, որ որևէ քայլ կանեն»,- ասաց Սաթիկ Խլղաթյանը:

Նրա խոսքով՝ սևազգեստ մայրերը ժամանակավոր են դադարեցրել իրենց ակցիաները Կառավարության առջև և անհրաժեշտության դեպքում նորից են գնալու:

«Ես կոչ եմ անում Կառավարությանը, որ այն պարգևավճարները, որ տալիս է Կառավարության անդամներին, թող մի անգամվա պարգևավճարները զոհված ազատամարտիկների պատվովճարներին ավելացնի՝ թեկուզ 3 հազար դրամ»,- ասաց Խլղաթյանը:

Նա դժգոհեց նաև, որ մայիսի 9-ին իրենց թույլ չեն տվել բարձրանալ Եռաբլուր.

«Ինչի՞ չպիտի գնանք, դուք «Եռաբլուր» չպիտի գաք»:

Տեսանյութեր

Լրահոս