
Շնողում փրկարարներն իրականացրել են արհեստական քարաթափում․ փրկարարները տարհանել են 5 տան 19 բնակիչների

Մայիսի 8-ին, ժամը 12։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Շնող գյուղի Փոքր քարի գլուխ թաղամասում՝ ժայռից, տեղի է ունեցել քարաթափում (թվով 2 քար, մոտ 1 խմ և 1,5 խմ), առկա է մեծ ժայռաբեկորի ընկնելու վտանգ (մոտ 300 քմ)․ ժայռի վրա և ժայռից ներքև առկա են բնակելի տներ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ժայռից առկա է քարաթափման վտանգ։
Փրկարարները համայնքապետի հետ միասին տարհանել են 5 տան 19 բնակիչների, ովքեր ժամանակավորապես կբնակվեն իրենց բարեկամների տանը։
Փրկարարներն ուղղորդված հրման միջոցով իրականացրել են արհեստական քարաթափում, ինչի արդյունքում ընկնելու վտանգ ներկայացնող քարաբեկորները հեռացվել են (մոտ 6 խմ)։