
Վրաստանի քաղաքացիները՝ խիստ սահմանափակումների ու սահմանված բարձր տուգանքների մասին

Չնայած օրեր առաջ Վրաստանի կառավարությունը հայտարարեց երկրի մի շարք խոշոր քաղաքներում տեղաշարժի որոշ սահմանափակումները վերացնելու մտադրության մասին, այդուամենայնիվ, մեր հարևան երկրում դեռ պահպանվում են խիստ սահմանափակումները: Երկրում տիրող իրավիճակի, կորոնավիրուսի դեմ կառավարության իրականացրած պայքարի մասին 168.am-ին պատմել են Վրաստանի քաղաքացիները:
Ժանետա Բաղդասարյանը 168.am-ին ասաց, որ բավականին մեծ թվով քաղաքացիներ հիմնականում բողոքում են, քանի որ օրվա հացի խնդրի առաջ են կանգնել:
«Սահմանափակումները շատ խիստ են: Երեկոյան 9-ից մինչև առավոտյան 6-ը պարետային ժամ է սահմանված: Եթե խախտում եղավ, տուգանում են 3000 լարի (ավելի, քան 450.000 ՀՀ դրամ.- Ա.Հ.): Ոչ մի տեսակի տրանսպորտ չի աշխատում՝ ո՛չ մետրո, ո՛չ ավտոբուս: Մարդիկ դժգոհում են, ասում են, որ արդեն հացի փող չունեն, ոչ էլ հացի փող վաստակելու հնարավորություն ունեն: Իսկ պետությունը նոր սկսում է պլաններ կազմել, թե ինչպես կարելի է ժողովրդին օգնել: Ասում են, որ մոտակա մի ամսվա ընթացքում աշխատանք կորցրած ամեն մի քաղաքացու 6 ամսվա ընթացքում 200 լարի (ավելի, քան 30.000 ՀՀ դրամ.- Ա.Հ.) են տալու»,- ասաց մեր զրուցակիցը:
Ժանետա Բաղդասարյանի խոսքով՝ 70 տարեկանից բարձր մարդկանց արգելված է մարդաշատ վայրերում լինել, իսկ մեքենայի մեջ 3 մարդուց ավելի մարդ չի թույլատրվում՝ վարորդը՝ ներառյալ:
«Շատ մարդիկ են խախտումներ անում: Եթե չեմ սխալվում, մի գիշերվա մեջ 200 մարդու էին տուգանել: Թբիլիսին երկու օր առաջ են բացել: Մինչ այս փակ էր, ոչ ոք չէր կարող ո՛չ մտնել քաղաք, ո՛չ դուրս գալ քաղաքից: Սահմանափակված էր նաև Բաթում, Ռուսթավի ու մյուս մեծ քաղաքներ մուտքն ու ելքը»,- ասաց մեր զրուցակիցը:
Ժ. Բաղդասարյանի խոսքով՝ օրվա ընթացքում կարելի է դուրս գալ, բայց պարտադիր պետք է կրել դիմակ և պահել հեռավորությունը:
«Խանութներն աշխատում են, բայց խանութ մտնելուց անպայման պետք է լինել դիմակով ու պետք է հեռավորություն պահել: Բացի այդ, խանութ 2-2 մարդ են թողնում մտնել, հետևում են, որ խանութում շատ մարդ չլինի, այլ հերթով մտնեն: Մոլերն ամբողջությամբ փակ են: Մենք այստեղ մի մեծ շուկա ունենք, այն ևս ամբողջությամբ փակ է»,- ասաց Ժանետա Բաղդասարյանը՝ հավելելով, որ մարդիկ այդքան էլ գոհ չեն կառավարության գործելաոճից, որովհետև դեռ ոչ մի օգնություն չեն ստացել, բացի կոմունալ վճարների օգնությունից:
«Եթե քո կոմունալները 200 կիլովատտ են, պետությունը վճարում է այդ գումարը: Բայց եթե 1 կիլովատտ ավելի եղավ, ամբողջությամբ դու պիտի վճարես»,- նշեց նա:
Թբիլիսիի մեկ այլ բնակիչ՝ Աիդա Բազոյանն էլ 168.am-ի հետ զրույցում նույնպես խոսեց սահմանափակումների և խախտումների համար սահմանված տուքանքների մասին։ Ըստ նրա, չնայած պետությունը մասամբ հոգացել է քաղաքացիների կոմունալ ծախսերը, դա էական ազդեցություն չի ունեցել:
«Սահմանափակումները բավականին խիստ են: Տուգանքներ են սահմանված՝ 3.000-15.000 լարի (մոտավորապես 450.000-2.255.000 ՀՀ դրամ,- Ա.Հ.): Կա պարետային ժամ՝ 21:00-06:00: Հիմա սկսել են հանել որոշ սահմանափակումներ, բայց միևնույն է, մարդիկ չեն աշխատում, ու այդ առումով բողոքները շատ-շատ են: Նաև ամեն ինչ թանկացել է:
Կառավարությունը հորդորում է մնալ տանը, դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Մարդիկ սովորաբար դուրս են գալիս խանութ գնալու կամ տան մոտ, այգում մի քիչ զբոսնելու համար: Մարդիկ հիմնականում պահում են սահմանափակումները, դրա համար էլ մոտ 600 հաստատված դեպք կա, որից գրեթե կեսը բուժվել են: Այսօր, օրինակ, 3 նոր դեպք է գրանցվել, 9 մարդ բուժվել է, մահվան դեպք չկա»,- ասաց Աիդա Բազոյանը:
Մեր զրուցակիցը փոխանցեց նաև, որ երկուշաբթի բացվելու է խանութների մի մասը: Ինչ վերաբերում է կրթական հաստատություններին՝ այդ մասով դեռ որևէ նորություն չկա:
Ախալցխայից էլ 168.am-ին պատմեցին, որ այնտեղ ևս սահմանափակումները խիստ են, առանց դիմակի արգելվում է խանութներ, դեղատներ կամ այլ փակ տարածքներ մտնել, մարդիկ էլ հիմնականում ենթարկվում են կառավարության որոշումներին, գոհ են կառավարության գործելաոճից:
«Այստեղ վիճակը նորմալ է, մարդիկ հետևում են կանոններին»,- 168.am-ին փոխանցեցին Ախալցխայից: