«Որպեսզի արտահայտություն հնչեցվի, պետք է ինֆորմացիայի տիրապետել». Յուրի Խաչատուրովը՝ Մարինա Պողոսյանին
«Ցանկանում եմ անդրադառնալ Եգորյանի ռեպլիկներին, թե ագրեսիվ վերաբերմունք եմ ցուցաբերել: Ես ագրեսիվ վերաբերմունք չեմ ցուցաբերել, այլ պատասխանել եմ դատախազ Բաղդասարյանի այն ռեպլիկներին, որ այստեղ մեզ դատում են ոչ թե Շուշիի գործով, մայիսի 8-ի գործով, այլ մեկ այլ գործով»,- անդրադառնալով Սահմանադրական կարգը ենթադրյալ տապալելու մասին գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի հնչեցրած հայտարարությանը, թե Յուրի Խաչատուրովն ագրեսիվ վերաբերմունք է ցուցաբերել, ասաց ՀԱՊԿ նախկին քարտուղար, գործով ամբաստանյալ Յուրի Խաչատուրովը:
Հիշեցնենք, որ դատարանում այսօր դատախազ Գևորգ Բաղդասարյանը, անդրադառնալով Շուշիի ազատագրման օրվա ու դատական այսօրվա նիստի միջև կապի մասին պաշտպանական կողմի հնչեցրած տեսակետներին, ասաց.
«Խոսք գնաց, անընդհատ շեշտադրվեց օրվա խորհրդի համատեքստում, որ անձինք, ովքեր Շուշիի ազատագրման համար մեծ ներդրում են ունեցել, ինչ կարգավիճակում են և մեղադրվում են: Ուղղակի համառոտ, եթե նույնիսկ խոսքս այդքան էլ գեղեցիկ չհնչի, պետք է ստիպված ասեմ: Որևէ մեկը Շուշիի ազատագրման համար էստեղ նստած չի»:
Խաչատուրովը նաև անդրադարձավ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Մարինա Պողոսյանին, որն իր ելույթում, խոսելով նախկին վարչապետների կողմից Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար ներկայացված անձնական երաշխավորությանը՝ ասել էր.
«Կուզեմ պարոն Օրբելյանի հայտարարությանն անդրադառնամ, երբ վերջինս նշեց, որ խորհրդանիշներ են նստած մայիսի 8-ի: Կուզենայի հիշեցնել, որ ապրիլի 2-ի խորհրդանիշ էլ կա էստեղ նստած և ապրիլի 2-ի պատերազմի ձախողման և մեր զոհեր տալու խորհրդանիշ ևս կա նստած»:
Դատավոր Դանիբեկյանը Մ. Պողոսյանի այս հայտարարությունից հետո կրկին վերջինին հիշեցրեց՝ ելույթ ունենալ միայն գործի շրջանակներում:
«Որպեսզի հնչեցվի մի շարք արտահայտություններ, նախ պետք է տվյալ անձը տիրապետի մի շարք ինֆորմացիայի, հետո նոր արտահայտություններ անի»,- ասաց Յուրի Խաչատուրովը:
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Մարինա Պողոսյանը Յուրի Խաչատուրովի ելույթի ժամանակ պարբերաբար, տեղից, առանց դատարանի թույլտվության, միջամտում էր, դիտողություններ անում, մեկնաբանում ամբաստանյալ Խաչատուրովի խոսքը։ Ի վերջո, դատավոր Աննա Դանիբեկյանը, մի քանի անգամ դիտողություն անելուց հետո, հայտարարեց.
«Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար դատարանը Ձեր նկատմամբ կիրառում է դատական սանկցիա՝ նկատողություն։ Կրկին անգամ նման արարք թույլ տալու դեպքում դատարանը կքննարկի ավելի խիստ դատական սանկցիա կիրառելու հարցը»։