«Նիստերի դահլիճում հնչեցին գնահատականներ, որոնց պատասխանը կարող է տալ միայն Էդմոն Մարուքյանը». Անդրանիկ Քոչարյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր չցանկացավ անդրադառնալ առավոտյան խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին:
«Ձեր բոլոր հարցերին վարչապետ Փաշինյանը մանրամասն անդրադարձավ, այնպես որ, հիմա դուք շատ մի մանրացեք: Վարչապետի կողմից տրված գնահատականները շատ ճիշտ էին, ես դրանք կիսում եմ»,- դիմելով լրագրողներին՝ նշեց պատգամավորը:
Նա դժվարացավ ասել, թե նիստերի դահլիճը լքելուց հետո ինչ եզրահանգման կգա «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը:
«Կարծում եմ՝ իրենք շատ լուրջ քննարկելու թեմա ունեն, քանի որ նիստերի դահլիճում հնչեցին գնահատականներ, որոնց պատասխանը կարող է տալ միայն Էդմոն Մարուքյանը: Այն գնահատականը, որը, Մարուքյանի հետ կապված՝ տվեց վարչապետը, մենք դա տարբեր դրվագներով տեսնում ենք, եկեք ես չմանրանամ: Կարող է պատահել, որ մի օր ես դրվագ ներկայացնեմ՝ իմ և իմ ընտանիքի անդամներին վերաբերող, այնպես որ, ես չեմ մանրանում»,- շեշտեց պատգամավորը:
Անդրանիկ Քոչարյանը ինչպես իր գրեթե բոլոր հարցազրույցներում, այս անգամ ևս հիշեց լրատվամիջոցներին՝ նշելով, որ իշխանության դեմ տարվող գործողություններին մասնակցում են նաև որոշ լրատվամիջոցներ:
Հարցին՝ ի՞նչ գործողությունների մասին է խոսքը, նա պատասխանեց, որ հարցի պատասխանը կլինի ավելի ուշ:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նիստերի դահլիճում բանավեճ տեղի ունեցավ իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանի և Էդմոն Մարուքյանի միջև, որին միջամտեց Սասուն Միքայելյանը, և տեղի ունեցավ ծեծկռտուք: ԱԺ նախագահը նիստը մի քանի ժամով ընդմիջեց, դրանից հետո Էդմոն Մարուքյանը վերադարձավ դահլիճ և հայտարարեց, որ իր խմբակցությունը լքում է նիստերի դահլիճը և սպասում, որ տեղի ունեցածին կտրվի քաղաքական գնահատական: