COVID-19. Աշխարհում ապաքինվել է ավելի քան 1 մլն 356.000 մարդ. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 942 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 271 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 356 հազար 191 մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 292 հազար 917 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 76 հազար 942 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 260 հազար 117 է: Վերջին մեկ օրում 3 հազարից ավելի վարակվածույան նոր դեպք է գրանցվել: Մահացության ցուցանիշը կազմում է 26 հազար 299:
Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 215 հազար 858 է: Վարակից մահացել է 29 հազար 958 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Մեծ Բրիտանիան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 206 հազար 715: Վարակի հետևանքով մահացել է 30 հազար 615 մարդ: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան շրջանցել է Իտալիային՝ Եվրոպայում դառնալով առաջինը, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո: Վարակվածության թվով հաջորդում է Ռուսաստանը, որը շրջանցեց Գերմանիային և Ֆրանսիային: Ռուսաստանում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 187 հազար 859-ի: Այստեղ մեկ օրում 10 հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվել: Մահերի թիվը կազմում է 1723:
Վարակվածության թվով հաջորդ երկիրը Ֆրանսիան է, որտեղ գրանցվել է 174 հազար 791 հաստատված դեպք, մահացել է 25 հազար 987 մարդ: Գերմանիայում 169 հազար 430 հաստատված դեպք կա, մահացածների ընդհանուր թիվը 7 հազար 392 է: Վարակվածների ընդհանուր թվով Գերմանիային հաջորդում է Բրազիլիան, որը շրջանցեց Թուրքիային: Բրազիլիայում հաստաված դեպքերի թիվը կազմում է 136 հազար 519, վարակի հետևանքով մահացածներինը՝ 9 հազար 265: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 133 հազար 721-ի, մահացածներինը՝ 3 հազար 641-ի:
Իրանում վարակվածների թիվը հասել է 104 հազար 691 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 541 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 886 ընդհանուր, 1 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել:
Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 623-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 10 մարդ:
Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 18 հազար 890, մահերինը՝ 12-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 16 հազար 793 է, մահացածներինը՝ 174:
Եգիպտոսում 7 հազար 981 հաստատված դեպք կա, մահացել է 482 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 7 հազար 208-ի, մահացածներինը՝ 47-ի: Իրաքում գրանցվել է 2 հազար 543 վարակվածության, 102 մահվան դեպքով: Լիբանանում կա 796 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 45-ի: Մահացել է 3 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
Շվեդիայում 31 մլն դոլար կհատկացվի մշակույթի ոլորտին աջակցելու համար
Կորոնավիրուսի տարածումը շատ երկրներում հանգեցրեց մշակութային միջոցառումների հետաձգմանը: Շվեդիան բացառություն չէր: Այստեղ բազմաթիվ թանգարաններ, մնալով առանց այցելուների, հասել են սնանկացման եզրին:
«Ռեգնում»-ը տեղեկացնում է, որ այդ կապակցությամբ կառավարությունը խորհրդարանական ուժերի աջակցությամբ համաձայնեցրել է նախագիծ, ըստ որի, 31.9 միլիոն դոլար կհատկացվի մշակույթի ոլորտին աջակցելու համար:
Այդ որոշման մասին տեղեկացրել է Շվեդիայի մշակույթի և ժողովրդավարության հարցերով նախարար Ամանդա Լինդը: Նա խոստացել է այս դժվարին պահին շարունակել ֆինանսական աջակցությունը պետական մշակութային օջախներին:
Շվեդիայի կառավարությունը, համագործակցելով խորհրդարանական ուժերի հետ, հավանության է արժանացրել մի նախագիծ, որը նախատեսում է 50 մլն դոլարի չափով աջակցություն շվեդական լրատվամիջոցներին:
Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի ախտորոշման թեստ կհանձնի ամեն օր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի ախտորոշման թեստ կհանձնի ամեն օր: «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն տեղեկացնում է, որ նախագահը նման հայտարարությամբ հանդես է եկել ճեպազրույցի ընացքում այն բանից հետո, երբ պարզվել է, որ Սպիտակ տան աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: «Ես շատ սահմանափակ շփում եմ ունեցել այդ մարդու հետ»,- ասել է Թրամփը:
Նա տեղեկացրել է, որ Սպիտակ տան աշխատակցի մոտ վարակի հաստատման մասին տեղեկությունն ունենալուց հետո ինքը և փոխնախագահ Մայք Փենսը նույնպես ախտորոշման թեստ են հանձնել: Թեստի արդյունքները բացասական են եղել:
«Մենք թեստ էինք հանձնում շաբաթը մեկ անգամ, այժմ դա կանենք ամեն օր»,-ասել է նա:
Աֆղանստանի առողջապահության նախարարի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Աֆղանստանի առողջապահության նախարար Ֆիրոզուդդին Ֆերոզը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը:
«Նախարարի առողջական վիճակը կայուն է, նա գտնվում է ինքնամեկուսացման մեջ»,-ասել է Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Վահիդուլա Մայարը:
Պաշտոնյան նշել է, որ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է. այն կազմում է 3 հազար 563:
Աֆեյանի «Moderna» ընկերությանը թույլատրվել է անցնել ստեղծած պատվաստանյութի հետազոտման 2-րդ փուլին
ԱՄՆ սննդի և դեղորայքի վերահսկողության գերատեսչությունը (FDA) ամերիկահայ Նուբար Աֆեյանի «Moderna» բիոտեխնոլոգիական ընկերությանը թույլատրել է անցնել իր պատրաստած պատվաստանյութի հետազոտման երկրորդ փուլին: «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ ընկերությունն իր մամուլի հաղորդագրության մեջ նշել է, որ այն կսկսվի շատ շուտով: Ընկերությունը տեղեկացնում է, որ հետազոտման 3-րդ փուլը նախատեսված է սկսել ամռան սկզբին:
Պատվաստանյութի պատրաստման ուղղությամբ աշխատանք են տանում նաև այլ ընկերություններ: Օրերս «Pfizer» և «BioNTech» ընկերությունները հայտարարեցին, որ մայիսի 5-ից հիվանդանոցներին կտրամադրեն պատվաստանյութեր՝ փորձարկումներ իրականացնելու համար:
Ամերիկյան ու գերմանական այս ընկերությունները նշում են, որ եթե պատվաստանյութը հաջողությամբ անցնի փորձարկումները, ապա հնարավոր է, որ այն պատրաստ լինի մինչև տարեվերջ ԱՄՆ-ում լայն տարածման համար՝ շրջանցելով մի քանի տարվա պատվաստանյութի զարգացմանը բնորոշ ժամանակացույցը: Բարեհաջող ընթացքի դեպքում հաջորդ տարի հնարավոր կդառնա կազմակերպել պատվաստանյութի արտադրությունը:
Ընկերությունները հույս ունեն, որ ԱՄՆ սննդի և դեղորայքի վերահսկմամբ զբաղված գերատեսչությունը հնարավորինս շուտ կտրամադրի թույլտվություն փորձարկումնները սկսելու համար: Դրանց համաձայնվել է մասնակցել տարբեր տարիքային խմբերի շուրջ 360 մարդ:
ԱՀԿ-ն գնահատել է կորոնավիրուսով կրկնակի վարակվելու ռիսկերը
Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը գնահատել է կորոնավիրուսով կրկնակի վարակվելու հավանականությունը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նրա խոսքով, կորոնավիրուսով վարակված անձի մոտ իմունիտետի առկայության մասին դեռ վաղ է խոսելը: Այդ մարդիկ առայժմ ունեն միայն դիմադրություն վարակի նկատմամբ:
«Դա կոչվում է ոչ սպեցիֆիկ իմունիտետ: Դա առաջին պատասխանն է օրգանիզմի, երբ կան բջիջներ, որոնք միանգամից ոչնչացնում են, այնինչ կա, իսկ վարակը շանս չունի հետագայում զարգանալու»,- նշել է նա: Մասնագետը, սակայն, պարզաբանել է, որ այդ դեպքում դա ամենևին չի նշանակում, որ պացիենտի մոտ ձևավորվել են բավարար քանակությամբ հակամարմիններ, որպեսզի ապահովվի արագ ռեակցիա օրգանիզմում վարակի կրկնակի հայտնվելու պարագայում:
Բուժքույրերի միջազգային խորհուրդն ահազանգում է բժշկական պարագաների պակասի մասին
Բուժքույրերի միջազգային խորհուրդը (ICN) բարձրաձայնում է պաշտպանական միջոցների շարունակական պակասի մասին: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը: «Մենք շարունակում ենք ստանալ հաղորդումներ անձնական պաշտպանիչ պարագաների պակասի մասին ոչ միայն հիվանդանոցներում, այլև խնամքի տներում կամ հիվանդներին վերջիններիս տներում խնամող անձնակազմի համար: Մենք կարծում ենք, որ անհատական պաշտպանիչ սարքավորումների մատակարարման պակասը կապված է վարակի մակարդակի բարձրացման հետ, որին ականատես ենք»,-ասել է կառույցի ղեկավար Հովարդ Քաթթոնը: Նա «Reuters»-ի հետ զրույցում հայտնել է, որ իրենց ունեցած տվյալներով վարակի հետևանքով մահացել է ավելի քան 260 բուժքույր, իսկ վարակվել մոտ 90 հազար բուժաշխատող: Նա տեղեկացրել է, որ այս թիվը հիմնված է 30 երկրից ստացված տեղեկությունների վրա: ICN- ն ընդգրկում է 130 ազգային միություններ, ուր գրանցված է ավելի քան 20 միլիոն բուժաշխատող:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, որը համակարգում է համաճարակի դեմ գլոբալ պայքարը, նշում է, որ իր 194 անդամ պետությունները չեն տրամադրում ամբողջական թվեր առողջապահական ոլորտի աշխատողների վարակման մասին ճգնաժամի աննախադեպ բնույթի պատճառով: ԱՀԿ-ի վերջին գնահատականների համաձայն ապրիլի 11-ին մոտ 22 հազար առողջապահության ոլորտի բուժաշխատողներ վարակվել են կորոնավիրուսով: