«Ես փաստեր չեմ կարող բերել, որովհետև այն, ինչը հիմա կնշեմ, դա ենթադրությունների և վարկածների տիրույթից է». Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ յուրաքանչյուր խմբակցություն ինքն է որոշում` մասնակցե՞լ նիստերին, թե՞ ոչ: Նույնը վերաբերում է նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը, որն այսօր տեղի ունեցած միջադեպից հետո լքեց նիստերի դահլիճը:

«Մենք բաց ենք ցանկացած քննադատության և առաջարկների համար: Բայց այն, ինչ տեղի է ունենում վերջին շաբաթների ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության և Էդմոն Մարուքյանի կողմից, իր պատգամավորական գործունեության ընթացքում երբևէ չի եղել: Պարոն Մարուքյանն իրեն երբեք թույլ չի տվել օգտագործելու այնպիսի բառամթերք, ինչպիսին օգտագործում է 7-րդ գումարման ԱԺ-ում: Մասնավորապես՝ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով ԱԺ փոխնախագահի հասցեին, որից հետո որևէ կերպ ներողություն չի խնդրել: Այս ամենն այդ ամենի հետևանքն է, սադրանքների այդ շղթան շարունակվում է: Որևէ կերպ չարդարացնելով այն, ինչը տեղի ունեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից, նորից վերահաստատում եմ, որ ցավում եմ կատարվածի համար: Ներողություն եմ խնդրում ՀՀ քաղաքացիներից այդ միջադեպի համար, միևնույն ժամանակ՝ դատապարտում եմ նման որևէ դրսևորում»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց իշխող խմբակցության ղեկավարը:

Ըստ Լիլիթ Մակունցի, հատկապես «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունումից հետո ԼՀԿ-ն իրեն դրսևորում է անհասկանալի բառամթերքով ու ագրեսիվությամբ:

Հարցին՝ տվյալ օրենքի հետ ԼՀԿ-ն ի՞նչ առնչություն ունի, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Ես փաստեր չեմ կարող բերել, որովհետև այն, ինչը հիմա կնշեմ, դա ենթադրությունների և վարկածների տիրույթից է: Բայց այն հանգամանքը, որ ԼՀԿ-ն կողմ չի քվեարկել օրինագծին և դրա ընդունումից հետո իրեն նման կերպ է դրսևորում, հիմք է տալիս ենթադրելու, որ վերջինս գուցե շատ սերտ կապեր ունի այն շրջանակների հետ, որոնք առնչվում են տվյալ երևույթին»:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նիստերի դահլիճում բանավեճ տեղի ունեցավ իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանի և Էդմոն Մարուքյանի միջև, որին միջամտեց Սասուն Միքայելյանը, և տեղի ունեցավ ծեծկռտուք: ԱԺ նախագահը նիստը մի քանի ժամով ընդմիջեց, դրանից հետո Էդմոն Մարուքյանը վերադարձավ դահլիճ և հայտարարեց, որ իր խմբակցությունը լքում է նիստերի դահլիճը և սպասում, որ տեղի ունեցածին կտրվի քաղաքական գնահատական:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս