«Հնարավոր չի այդ շենքային պայմաններում հեռավորություն պահպանել» Ռոբերտ Քոչարյանը՝ ՔԿՀ պայմանների մասին
«Ընդհանրապես աշխատողներն աշխատում են մեկ օր, և երեք օր ազատ են: 80%-ն աշխատողների: Եվ ոչ մեկն իրենց չի կարող վերահսկել աշխատանքային օրվանից դուրս, թե իրենք ինչով են զբաղվում: 90%-ը երիտասարդ է: Սա նշանակում է, որ առնվազն 50%-ն իրենցից նույնիսկ վարակվելու դեպքում ասիմպտոմատիկ է լինելու և չի երևալու, և մարդ կարող է ուղղակի աշխատել, լինել վարակակիր: 90%-ն է երիտասարդ, տարիքը՝ մոտավորապես 22-23 տարեկանից մինչև 35 տարեկան են: Սա է խնդիրը»,- անդրադառնալով Քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսային հիվանդության հնարավոր ներթափանցմանն ու իր պահման պայմաններին՝ ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Քոչարյանը նաև ասաց, որ այս պահին խցում մենակ է՝ իր ցանկությամբ, սակայն անձնակազմի հետ շփումներ ունենում է:
«Ուղղակի հնարավոր չի այդ շենքային պայմաններում հեռավորություն պահպանել, վերջը տեղաշարժ կա միջանցքներով: Ուղղակի հնարավոր չի: Եթե մեկը կարող է կանգնել, բացատրություն տալ, թե դա ինչպես է հնարավոր անել այդ շենքային պայմաններում՝ ուղղակի անհնար է: Սա է վիճակը:
Բացի դա, ուտելիքը outsource է արվում, outsource է արվում մեկ այլ մասնավոր ընկերության կողմից, բերվում է փաթեթավորված, պենոպլաստից փաթեթների մեջ, և որևէ մեկը չի կարող երաշխավորել, որևէ տեսակավորում չի արվում, ո՞վ է աշխատում, ո՞վ է այդ կերակուրները սարքում, ո՞վ է առաքում, ո՞նց է դա արվում, ուղղակի անհնար է:
Ես հավաստիացնում եմ Ձեզ, որ կարանտինային պայմաններն անձնակազմը փորձում է պահել՝ դիմակներ, ձեռնոցներ և այլն: Բայց այդ շենքային պայմաններում չկա վինտիլյացիա, չկա օդափոխություն, չկա ըստ էության ոչինչ՝ ինչ որ պահանջվում է տվյալ պարագայում նման կարգի վարակի դեմ պայքարելու համար:
Սա է, օրը 3 անգամ դրսից սնունդ է գալիս, կերակուրները բաժանում են այդ պլաստիկ բաներով: Նույնիսկ անիմաստ է սա քննարկել՝ մտածելով, թե դա կարող է ինչ-որ տեղ սահմանափակի այդ վարակի ներթափանցումը ներսում»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Որպես հավելում՝ Հայկ Ալումյանն ասաց, որ այս պահին Ռոբերտ Քոչարյանը բուժում է ստանում «Իզմիրլյան» ԲԿ-ում, և նրա հետ սենյակում միշտ կա քրեակատարողական ծառայող: Ռոբերտ Քոչարյանն էլ լրացրեց, որ այդ անձնակազմը ևս անընդհատ փոխվում է:
«Ոչ թե նույն մարդուն են ուղարկում, այլ նույն քրեակատարողականից մի օր՝ մեկը, հետո՝ մյուսը, հերթով՝ այսպես ասենք: Ես ոնց որ հանրակացարանում ապրեմ: Իմ հետ անպայման սենյակում գտնվում է մեկ մարդ, որը պարբերաբար փոխվում է, 5 հոգի են, հերթով փոխվում են: Եվ այդ 5 մարդը 4 օրը մեկ, 3 օրը մեկ բոլորն են փոխվում և բոլորը իրար փոխում են: Իմ շփման մակերեսն այսօր մոտավորապես մի 70 մարդ է շաբաթվա ընթացքում: Եթե սա նորմալ է, հիմա ի՞նչ ասեմ, ուրեմն թող սենց լինի»,- եզրափակեց Ռոբերտ Քոչարյանը: