Բաժիններ՝

Վրաստանն Ուկրաինայից իր դեսպանին ետ է կանչում Սաակաշվիլու նշանակման պատճառով

Վրաստանը Կիևից իր դեսպանին ետ է կանչում՝ կապված երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն Ուկրաինայի նախգահին առընթեր բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար նշանակելու հետ: «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ այս մասին մայիսի 8-ին հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:

«Դա ընդունված պրակտիկա է դիվանագիտական հարաբերություններում, որը վկայում է կոնկրետ խնդրի ի հայտ գալու մասին, այդ իսկ պատճառով հետագա քայլերը հստակեցնելու համար անհրաժեշտ է դեսպանի հետ անցկացնել խորհրդակցություն»,-հայտարարել է Զալկալիանին: Նա ավելացրել է, որ ամեն դեպքում Թբիլիսին կտրուկ քայլերի չի գնա, իրենք դիվանագիտական հարաբերությունների խզում չեն դիտարկում:

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նշանակվել է Բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար: Համապատասան հրամանագիրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է մայիսի 7-ին: Սաակաշվիլին նշել է, որ առաջինը, ինչ պետք է անել տնտեսությանն օգնելու համար, բիզնեսին վարչական միջամտությունից ազատելն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս