Բաժիններ՝

«Տոնական օրերին ոստիկանական օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում կկիրառվեն տուգանքներ». Հայկ Մհրյան

Վաղը` մայիսի 9-ին, փակ են լինելու և «Եռաբլուր» զինվորական պանթեոնը, և’ Հաղթանակի զբոսայգին` հաշվի առնելով ստեղծված պայմանները և վարակի չտարածման հրամայականը, դրանից բխող պահանջները:

Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին հայտնեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Բացառապես արարողակարգային միջոցառումներ են լինելու, մասնավորապես, ժամը 10:30-ից մինչև 11:00-ն տեղի կունենա ՀՀ իշխանության բարձրագույն  ներկայացուցիչների այցը Հաղթանակի զբոսայգի. Մայր Հայաստան հուշահամալիրի մոտ ծաղկեպսակներ կզետեղվեն, որից հետո կազմակերպել ենք Հայրենական Մեծ պատերազմի վետերանների այցը  Մայր Հայաստան հուշակոթողի մոտ, քանի որ առաջին հերթին՝ այդ օրվա խորհուրդը նրանց է վերաբերում, ուստի պիտի մեր շնորհավորանքներն ու մաղթանքները հայտնենք: Դրանից հետո մի փոքր անակնկալ է սպասվում, որը չեմ կարող հիմա բացահայտել, քանի որ որոշակի պայմաններ կան, որոնց առկայության դեպքում միայն հնարավոր կլինի մատուցել այդ անակնկալը մեր ազգաբնակչությանը»,- մանրամասնեց փոխնախարարը:

Հանդիպմանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հավելեց, որ լրջագույն սահմանափակումների պայմաններում կարողանում ենք ապացուցել, որ մենք մի հասարակություն ենք, որը կարողանում է ցույց տալ իր պատկառանքը հիշողության և հիշատակի հանդեպ:

«Հիշողությունը ոչ միայն հարգանք է անցյալի հանդեպ, այլև արժեքների հռչակում, հաստատում, նաև` ապագայի գրավական»,- շեշտեց Խզմալյանը` լրացնելով, որ այս պայմաններում անցկացվող միջացառումները վերածվում են միջոցառում-գաղափարի, հոգևոր իրադարձության, ինչի վկայությունն Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումն էր:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը վստահեցրեց, որ մայիսյան հաղթանակի նշանավորման ծրագիրը ևս հագեցած է, բազմաժանր, մասնավորապես՝ համերգային մասին կմասնակցեն Արսեն Գրիգորյանը, «Նեմրա» խումբը, Երգի պետական թատրոնը, ՊՆ նվագախումբը և այլք:

Ասուլիսին մասնակցող ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանն էլ ասաց, որ ոստիկանական ուժերը կապահովեն հասարական կարգն ու անվտանգությունը, ինչպես նաև` կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումները:

«Մենք մեր ծառայությունը սկսել ենք այսօր` առավոտյան ժամը 07:00-ից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, այնտեղ մեր ուժերն իրականացնում են հասարակական կարգի և անվտանգության պահպանման, մեր քաղաքացիների կուտակումների բացառման միջոցառումներ:

Մենք այս շրջանակում մեր ծառայությունը կշարունակենք մինչև մայիսի 9-ը ժամը 23:59-ը: Այսօր 20:00-ից ոստիկանության ուժերը կանցնեն ծառայության Հաղթանակի զբոսայգում, խնդիրը կլինի հետևյալը. Անմար կրակի և դրա հարակից տարածքների շրջափակումը, որպեսզի այնտեղ բացառապես մուտք գործեն սահմանված կարգով պատվիրակությունները, իսկ անձանց և տրանսպորտային միջոցների մուտքը կարգելվի մինչև մայիսի 9-ը ժամը 23:59-ը: Վաղը ժամը 08:00-ից ծառայություն ենք իրականացնելու նաև Կոմիտասի անվան պանթեոնում. մուտքերն ու ելքերը փակ կլինեն, որպեսզի թույլ չտանք քաղաքացիների և տրանսպորտային միջոցների մուտքն այդ վայրեր»,- նշեց Մհրյանը` զգուշացնելով  քաղաքացիներին պահպանել մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնները, և ազատ տեղաշարժի նշված սահմանափակումները, այլապես  կանոնները խախտելը կհանգեցնի տուգանքի կիրառման` նվազագույն աշխատավարձի 100-250-ապատիկի չափով:

«Կխնդրեմ նաև ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին, այլապես դրանք չկատարելու պարագայում կենթարկվեն տուգանքի նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով»,- ընդգծեց ոստիկանության պետի տեղակալը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս