«Ով էդպես է կարծում, ինքը կա՛մ բութ է, կա՛մ սրիկա, բայց ես համոզված եմ՝ սրիկա է». Բաբկեն Թունյան

Ազգային ժողովի  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի խոսքով, երբ մեկ տարի առաջ Կառավարության ծրագիրը քննարկելու ժամանակ լրագրողներն իրեն հարցնում էին, որ, եթե պատգամավոր չլինես, ի՞նչ կասես այդ ծրագրի մասին, ինքը, ինչպես այն ժամանակ, այնպես էլ՝ հիմա, վարվել ու վարվում է նույն կերպ՝ ասում է բաներ, որոնցում ինքը համոզված է, և որոնց վերաբերյալ իր գիտելիքները բավարարում են:

«Օրինակ՝ ես մինչև այս պահը համոզված եմ, որ ամբիոնից խոսելու որոշակի դժվարություններ ունեմ, խոսելիս կարող է ձայնս դողալ, կամ չտեղավորվեմ ժամանակի մեջ, բայց ես նախանձում եմ մեր որոշ գործընկերների ինքնավստահությանը, ես ձեր ինքնավստահությունից եմ ուզում, որ հասկանալով ոչնչից՝ խոսում եք ամեն ինչից»,- անդրադառնալով  ընդդիմադիր պատգամավորների  հնչեցրած քննադատություններին՝ ասաց պատգամավորը:

Ապա հավելեց՝ քննադատելուց առաջ նախ պետք է հասկանալ, թե քննադատողները որքանով են հետևողական:

«Գալիս, խոսում եք տեղեկատվական տեխնոլոգիաներից, հետո ինչ-որ թվեր եք հնչեցնում, հետո մինչև ապացուցում ենք, որ այդ թվերը սխալ են, գալիս եք, խոսում  պարենային անվտանգությունից, հետո  մինչև ասում ենք՝ դրա հետ կապված խնդիր չկա, գալիս խոսում եք ավիացիայից»,- ասաց Թունյանը:

Ըստ պատգամավորի՝ իր համար անիմաստ են նաև համացանցում տարածվող այն լուրերը, թե Բանկային գաղտնիքը Հայաստանում չի պահպանվում:

«Ով էդպես է մտածում՝ կամ բութ է, կամ սրիկա: Ասեմ՝ ինչու, որովհետև պատգամավորներս ու պաշտոնյաները լրացնում ենք հայտարարագիր, որտեղ երևում է, թե նրանք որքան եկամուտներ ունեն, իսկ ՀՀ-ում կոմունալ վճարումների մասով օգնություն ստացել է բաժանորդների 90 տոկոսը: Համեմատեք և կտեսնեք:  Ավանդների չափը գաղտնի է որոշների դեպքում, բայց կոմունալների մասով, բնական է, որ պետք է լիներ: Էն, որ ասում էի, որ բութ են, նկատի ունեմ այն մարդկանց, որոնք հրապարակային վերլուծություններ են անում, բայց ես համոզված եմ, որ ոչ թե բութ են, այլ սրիկա, որովհետև այս վարքագիծը նպատակ ունի, որ մարդիկ իրենց հավատան ու իրենց ավանդները բանկից դուրս բերեն ու ստեղծեն լիկվիդայնություն»,- ասաց  Թունյանը՝ նշելով, որ այս ամեն ինչի նպատակը մեկն է՝ սևացնել ու վնաս տալ:

Վերջում Բաբկեն Թունյանն ասաց, որ ինքը դեպք չգիտի, որ որևէ մեկը զանգահարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը, սակայն գիտի դեպք, երբ այդ խմբակցությունից իր համարն են տվել:

«Զանգում են ձեզ, օգնեք, ինչի՞ եք իմ համարը տալիս: Ես ձեզ ավելի հեշտ տարբերակ ասեմ, միանգամից վերահասցեագրեք իմ համարի վրա, համ ձեր ժամանակը կխնայեք, համ ձեր էներգիան»,- ասաց  նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս