«Պարո՛ն Միքայելյան, հոպար չեմ Ձեզ համար, էդ ի՞նչը կցխես…». Մարուքյանը՝ Սասուն Միքայելյանին
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում իր ելույթի սկզբում նախ՝ անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի այն հայտարարությանը, թե տարբեր խնդիրներով իրեն քաղաքացիներ են զանգահարել, որովհետև նրանց ուղղորդել են «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից:
«Ասում ենք, որ մեզ զանգում են էս-էս հարցերով, գալիս եք, մեծախոս ձևով, ամբարտավանությամբ ամբիոնից ասում եք՝ սուտ են խոսում, ժողովուրդ, ոչ մեկին էլ չեն զանգում, և էս էլ իմ համարն է, ու համարն ամբիոնից ասում եք, դրանից հետո 120 զանգ ես ստանում՝ ասում ես՝ համարս «Լուսավոր Հայաստա՞նն» է տվել: Մեծ մարդ ես, ամոթ ա, է, լավ, անցնենք առաջ: Կամ, որ ամբիոնից օգտագործում եք սրիկա, և այլն… դա լարվածություն է առաջացնում, որովհետև մեկը կարող է մտածել, որ իրեն եք ասում: Մի՛ արեք էդպիսի բաներ»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Մարուքյանի ելույթին տեղից արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ տեղից բղավելով.
«Պարո՛ն Մարուքյան, էյ, հոպար»:
Միքայելյանին պատասխանեց Էդմոն Մարուքյանը.
«Պարո՛ն Միքայելյան, ես ձեր համար հոպար չեմ»:
Մարուքյանի այս պատասխանից հետո Սասուն Միքայելյանը փորձեց վերցնել դիմացը դրված ջրի շիշը, սակայն կողքը նստած Անդրանիկ Քոչարյանն արագ հեռացրեց շիշը, ինչից հետո պատգամավոր Միքայելյանը մի քանի անգամ կրկնեց.
«Կցխեմ…»:
Միքայելյանի այս խոսքերից հետո Էդմոն Մարուքյանն իջավ ամբիոնից ու «Ի՞նչը կցխես» հարցնելով՝ մոտեցավ Սասուն Միքայելյանին, որն էլ մոտեցավ ու ապտակեց Էդմոն Մարուքյանին, որից հետո խորհրդարանում սկսվեց ծեծկռտուք:
Նկատենք, որ այս ամենին ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կառավարության ամբողջ կազմը, սակայն ծեծկռտուքի ժամանակ կառավարության անդամներից միայն փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էր, որ փորձում էր բաժանել իրար հայհոյող ու հարվածող պատգամավորներին:
Նիկոլ Փաշինյանը ծեծկռուքի կադրերում չի երևում. Հավանաբար նրան նիստի դահլիճից արագ հեռացրել էին անվտանգության աշխատակիցները:
Ծեծկռտուքից հետո Արարատ Միրզոյանը նախ հայտարարեց ընդհատել նիստը մինչև 11:00-ն, ապա ընդմիջում հայտարարվեց մինչև 14:00-ն:
Մանրամասները՝ տեսանյութում