Մենք՝ որպես պատերազմի մասնակիցներ, հպարտ ենք, որ կարողացել ենք հաղթանակ կերտել. Սերգեյ Բարսեղյան

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Լեռնային Ղարաբաղից ռազմաճակատ է զորակոչվել 45 հազար քաղաքացի, իսկ Հյուսիսային Արցախից՝ 40 հազար:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ Հայրենական մեծ պատերազմի և աշխատանքի վետերանների միության նախագահ Սերգեյ Բարսեղյանը՝ նշելով, որ մարտական գործողություններ իրականացնելուց հետո, ընդհանուր մասնակիցներից, տուն են վերադարձել մոտ 42 հազար հոգի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից 23 հազար քաղաքացի:

Թե ինչպիսի դեր է ունեցել արցախահայությունը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ՝ Ս. Բարսեղյանը նշել է, որ պատերազմին տվել են 5 մարշալ: Ի դեպ, ոչ մի զարգացած երկիր այդքան մարշալ չի տվել, ինչքան որ Արցախը: Հայաստանը տվել է նաև կրկնակի հերոսներ, ինչպես օրինակ Նելսոն Ստեփանյանը, ով կատարել է մոտ 260 մարտական թռիչք:

«Արցախցիները մեծ հերոսություններ են իրականացրել այդ պատերազմում. նրանք ունեին մեծ մարտունակություն, նվիրվածություն, ազնվություն և պատրաստակամություն: Մենք իրավունք ունենք հպարտանալու մեր հերոսական ժողովրդով, մեր այսօրվա կանոնավոր բանակով: Հայ ժողովուրդն այսօր էլ պատրաստ է իր արյան գնով պաշտպանել հող հայրենին, ինչն ապացուցել է տարիներ ի վեր»,-մասնավորապես ասել է Ս. Բարսեղյանը:


Նրա խոսքով՝ Արցախում այսօր ապրում է Հայրենական մեծ պատերազմի 28 վետերան. նրանցից 8-ը բնակվում է Ստեփանակերտում, 6-ը՝ Ասկերանի, գրեթե նույնքան էլ Մարտակերտի, 2-ը՝ Հադրութի, իսկ 4-ը՝ Մարտունու շրջաններում: Նրանցից մեծ մասն ունեն առողջական խնդիրներ և գտնվում են անկողնային վիճակում:

«Մեր ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ Արցախի մարտիկներն այնպիսի հերոսություններ են կատարել, որ ցանկացածի մասին կարելի է մի պատմություն ստեղծել: Մենք՝ որպես պատերազմի մասնակիցներ, հպարտ ենք, որ կարողացել ենք հաղթանակ կերտել: Մեր ոգին աներեր եղել է, կա ու նոր սերունդն էլ դրա շարունակողը կլինի: Մենք իրավունք չունենք կորցնելու մեր նախնիների փառքն ու պատիվը, կատարած սխրագործությունները, արյան գնով ձեռքբերված հայրենիքը»,-ավելացրել է մեր զրուցակիցը:

Ս. Բարսեղյանը ԼՂՀ Հայրենական մեծ պատերազմի և աշխատանքի վետերանների միության անդմաների անունից մայիսյան տոների առթիվ շնորհավորել է համայն հայությանը՝ մաղթելով, ուժ. կորով, միասնականություն, համերաշխություն և հարատև խաղաղություն:

Ս. Բարսեղյանը՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված հրատարակել է «Արցախ-Ղարաբաղը Մեծ հայրենականում (1941-1945թթ.)» գիրքը։

Ըստ նրա՝ գիրքը նպատակ ունի հասարակության լայն շրջանակներին լայնամասշտաբ տեղեկություններ տալու ծննդով Արցախ-Ղարաբաղից և նախկին Ադրբեջանական ԽՍՀ հայաբնակ բնակավայրերից՝ Հայրենական մեծ պատերազմի աշխարհաճանաչ հայ զորավարների, հերոսների, Փառքի շքանշանների ասպետների, և այդ պատերազմում զոհվածների՝ անվանացանկով նրանց հիշատակին կառուցված հուշարձան-կոթողների մասին:

Տեսանյութեր

Լրահոս