Մեկ անձից 16 միլիոն 500.000 դրամի գնում՝ Ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումների համար
Այս տարի՝ ապրիլի 24-ին, Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցը նշվեց արտակարգ դրության պայմաններում՝ փոքրաթիվ միջոցառումներով, որոնք կազմակերպել էին Երևանի քաղաքապետարանն ու Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունը:
168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարարություն և Երևանի քաղաքապետարան՝ պարզելու, թե ինչպես են ընտրվել միջոցառման մասնակից կազմակերպությունները, փորձել ենք նաև պարզել՝ գնումներն ինչ ընթացակարգով են տեղի ունեցել և որքան գումար է ծախսվել միջոցառումների կազմակերպման համար:
Եվ այսպես՝ Երևանի քաղաքապետարանից մեզ պատասխանել են, որ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված մշակութային միջոցառման իրականացման համար ծախսային մասը կազմել է 16.580.000 հազար դրամ, որից 7.500.000 հազար դամը հատկացվել է համայնքային բյուջեից:
Մնացորդային 9.080.000 հազար դրամը, հաշվի առնելով նշված միջոցառման բովանդակության և ձևաչափի փոփոխությունը, միջոցառման մասնակիցների և տեխնիկական հագեցվածության ծավալների ավելացման անհրաժեշտությունը, Երևանի քաղաքապետարանը դիմել է ՀՀ կառավարությանը՝ Երևան քաղաքի բյուջեով նախատեսված և փաստացի իրականացված ծախսերի տարբերության փոխհատուցման խնդրանքով:
Երևանի քաղաքապետարանի պատվերով իրականացված մշակութային միջոցառման համար այլ աղբյուրներից գումար չի ստացվել:
Երևանի քաղաքապետարանից նաև հայտնել են, որ իրենց պատվերով իրականացված մշակութային միջոցառման ծառայությունները ձեռք են բերվել մեկ անձից գնման ընթացակարգով, հետևաբար՝ մրցույթ չի անցկացվել:
Միջոցառումն իրականացնող ընկերության ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով նախկինում նմանատիպ միջոցառումներ (մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված) կազմակերպած և իրականացրած ընկերության աշխատանքային խմբի մասնագիտական փորձառությունը:
Մեր հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից նաև պարզաբանել են, թե ինչու են գնումն իրականացրել մեկ անձից, և ըստ այդմ, մշակութային միջոցառման ծառայությունների ձեռքբերման գնման գործընթացն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 04.05.2017թ. «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և
ՀՀ կառավարության 2011թ. փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» հ. 526-Ն որոշման հ. 1 հավելվածի 23-րդ կետով (4-րդ ենթակետ, տող 33) սահմանված դրույթը, ինչպես նաև հաշվի առնելով միջոցառման ձևաչափի փոփոխության վերաբերյալ քննարկման արդյունքներն ու դրանով պայմանավորված ժամկետների սղությունը:
Իսկ Կառավարությունից մեզ տեղեկացրել են, որ միջոցառման համակարգումն իրականացրել է վարչապետի աշխատակազմը, որը ձեռք է բերել ծաղիկներ և ծաղկեպսակներ 318.848 հազար դրամի չափով. այլ ծախսեր չեն իրականացվել: