Գերմանիայում չեն բացառել արտերկրում իրենց քաղաքացիների հանգիստը կազմակերպելու տարբերակը
Գերմանիայի կառավարության տուրիզմի գծով ներկայացուցիչ Թոմաս Բարաիսը չի բացառել այն, որ իրենց քաղաքացիները ամռանը հանգիստը կազմակերպեն արտերկրում, եվրոպական այլ երկրներում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով, եթե կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը չփոխվի, ապա հանգիստը հնարավոր կլինի կազմակերպել Գերմանիայում կամ հարևան երկրներում:
«Դա վերաբերում է Ավստրիային, Ֆրանսիային, Բելգիային, Լեհաստանին, Նիդերլանդներին, որտեղ կարելի է գնալ ավտոմեքենայով: Բայց ես չէի բացառի Եվրոպայի մյուս շրջանները ևս, օրինակ, Բալեարյան, հունական կղզիներ, եթե իհարկե, այնտեղ նոր դեպքեր չլինեն և կաշխատի բժշկական աջակցություն»,-ասել է նա:
Նշվում է, որ նախորդ շաբաթ Անգելա Մերկելը տեղեկացրել էր, որ այդ հարցը օրակարգային չէ: