«Գիտեմ՝ դժվար է ընդունել, որ ՀՀ վարչապետը շարքային ստախոս է, բայց դա շատ ցավալի փաստ է»․ Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր «Ստի վերջը» տեսաշարի 2-րդ թողարկման ժամանակ նկատեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն ըստ Մինասյանի՝ հերքում է ամեն ինչ և բոլորին, չի հերքել այն, ինչ ինքը պատմել էր նախորդ թողարկման ժամանակ։
Հիշեցնենք, որ «Ստի վերջը» տեսաշարի 1-ին թողարկման ընթացքում Միքայել Մինասյանն ասել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից իրեն առաջարկել է սիմվոլիկ գումար փոխանցել և դադարել պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ, դառնալ ապաքաղաքական մարդ, շարունակել ապրել երջանիկ կյանքով՝ Հայաստանից դուրս։
Միքայել Մինասյանը պատասխանեց նաև նախորդ տեսանյութից հետո ամենից շատ հնչող հարցին՝ ի՞նչ է նշանակում իր դաստակին կապված թելը․ «Սա իմ տղայի՝ Արայի մկրտության թելն է՝ նարոտը, որը խորհրդանշում է քրիստոնեության հաղթանակը խաղավարի և մահի նկատմամբ։ Այս թելի գույները՝ սպիտակը և կարմիրը, խորհրդանշում են խաչված Հիսուսի վերքերից հոսող ջուրը և արյունը՝ ըստ Տաթևացու»։
Նա անդրադարձավ նաև հարցին, թե Սերժ Սարգսյանի ժամանակ ինչո՞ւ չէր խոսում։
«Ժողովուրդ, Սերժի ժամանակ խոսում էր ընդամենը 2 մարդ՝ Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը, այն էլ պարզվեց, որ կեսը սուտ էր ասում, մյուս կեսն էլ, քանի որ մորուքով եկավ, նոր կյանք էր սկսել, մենք պարտավոր էինք մոռանալ։ Սա կեսկատակ-կեսլուրջ։ Իսկ իրականում, ես Սերժ Սարգսյանի ժամանակ զբաղեցրել եմ 2 պաշտոն՝ եղել եմ ՀՀ նախագահի աշխատակազմի առաջին տեղակալը և այնուհետև, եղել եմ դեսպան։ Առաջին մասով՝ անկեղծ լինենք մինչև վերջ՝ մի կողմ թողնելով, որ ես մտածել եմ, որ ես պետք է գործեմ․ դուք ճանաչո՞ւմ եք այսօրվա այն անձնավորությանը, որը զբաղեցնում է նմանատիպ պաշտոն՝ իհարկե, ոչ։ Նա խոսո՞ւմ է՝ ես չեմ տեսել։ Երկրորդ մասը, երբ ես դեսպան էի․ ընդունված չէ, որ դեսպանները քննարկեն ներքաղաքական հարցեր, ես մտածել եմ, որ ես պետք է աշխատեմ, զբաղվեմ իմ ուղիղ պարտականություններով։ Կարծում եմ՝ ես դա արել լավ, խոսել եմ քիչ, բայց իմ դեսպանի առաքելության ժամանակ խոսել եմ բավականին շատ հարցերի շուրջ»,-պարզաբանեց Միքայել Մինասյանը։
Հարցերի երկրորդ խումբը, ըստ նրա՝ հետևյալն է՝ եթե դու արդար ես, ազնիվ ես, եթե չկա փաստ, արի՝ ապացուցիր քո ազնվությունը կամ եթե այդպես է, ինչպես դու ես ասում, ինչո՞ւ այն ժամանակ չխոսեցիր, չասացիր, որ Նիկոլ Փաշինյանը քեզ առաջարկել է գործարք, որը դու մերժել ես։
«Ժողովուրդ, գիտե՞ք՝ Հայաստանում չկա արդարություն և արդարադատություն։ Ես վստահ եմ, որ դուք դա գիտեք։ Կարող է՝ դուք դեռ դրա հետ չեք հանդիպել, բայց դա ամենուր է։ Եվ Նիկոլ Փաշինյանն ինձ արդեն վաղուց նշանակել է մեղավոր։ Եվ այն մարդիկ, որոնք կատարում են իր ուղիղ հանձնարարականները, պատրաստված են ինձ կալանավորելու, ինձ ձերբակալելու, ինձ փակելու՝ առանց ինձ տալու հնարավորություն՝ նույնիսկ խոսելու։ Անկեղծ՝ դուք իմ տեղը լինեիք՝ կգայի՞ք․ իհարկե, ոչ։ Ես գալու եմ, որովհետև ինձ շատ ծանր է ապրել Հայաստանից դուրս, իմանալով, որ իմ ընկերները, իմ ընտանիքի անդամները բոլոր Հայատանում ենթարկվում են քաղաքական հետապնդումների, նրանց տները խուզարկվում են, իրենք հարցաքննվում են, բայց իրենք գիտեն, որ դա իմ ընտրած ճանապարհն է։ Ես իրենց շնորհակալ եմ։ Ես գիտեմ, որ իրենց համար ծանր է, ծանր է նաև ինձ համար»,-նշեց նա։
Նա պարզաբանեց նաև, թե ինչո՞ւ չի խոսել այն ժամանակ, երբ մերժել է Նիկոլ Փաշինյանի առաջարկած գործարքը․ «Ես ուզում եմ, որ այստեղ հստակ ֆիքսենք մի կարևոր բան՝ ՀՀ-ում մթնոլորտը հիմա պատրաստ է լսել իրականությունը, այն ժամանակ մարդիկ պատրաստ չէին, մարդիկ չէին ուզում կամ չէին հավատում, որ այդ աստիճանի ստախոսը կարող է զբաղեցնել այդքան բարձր պաշտոն։ Գիտեմ՝ դժվար է ընդունել փաստը, որ ՀՀ վարչապետը շարքային ստախոս է, բայց դա շատ ցավալի փաստ է»։