Իշխանության ատելության գործիքակազմը

ՀՀ-ում տեղի ունեցող վերջին տասնօրյակի զարգացումները փաստում են, որ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում երկրում տիրապետող իրավիճակին, և նրա ու ողջ իշխանությունների կողմից արվող քայլերն ընդամենն իրավիճակային որոշումներ են՝ չկա ոչ մի բովանդակային գործողություն։ Փաշինյանն իր բնավորությանը բնորոշ՝ ամենուր մեղավորներ է փնտրում, ամեն ինչում նա սեփական թիմին փորձում է ջրից չոր հանել։ Նա, հասկանալով, որ կոմունալ ճգնաժամի հետ կապված ակնհայտ կոլապս է ստեղծվելու, դիմեց հերթական պոպուլիստական քայլին՝ դիմելով հայտնի հեռախոսազանգերի նաիվ գործողությանը։

Ըստ էության՝ կարող ենք արձանագրել, որ կա իշխանության հեռացման երկու ճանապարհ․ երբ իշխանությունն արժանապատիվ հրաժարական է տալիս, կամ, երբ գործադրվում են բոլոր անընդունելի ձևերը՝ մնալու համար։

Հետևելով Փաշինյանի գործողություններին՝ կարելի է ընդգծել, որ նա ակնհայտորեն ընտրվել է երկրորդ ճանապարհը, այս իսկ պատճառով օգտագործվում են մանիպուլյատիվ բոլոր հնարքները՝ համոզելու, որ ղեկավարը ժողովուրդն է։ Օրվա իշխանությունն ամենօրյա ռեժիմով անընդհատ համոզում է, որ իրենց ժողովուրդն է բերել իշխանության ու հենց ժողովուրդը միայն կարող է հեռացնել։ Պետք է արձանագրենք, որ այդ շոուն կազմակերպելու համար ֆինանսական ահռելի ռեսուրսներ են օգտագործվում, ու դժվար թե դրանից դուրս որևէ իրական քայլ կարողանան անել։

Ունենք այնպիսի մի իրականություն, երբ պետության կողմից բավարար միջոցներ չեն ձեռնարկվում երկկողմանի անհանդուրժողականությունը վերացնելու համար, որը հիմնականում դրսևորվում է ատելության խոսքի և հայհոյանքի ձևերով:

Փաշինյանի՝ իրար հաջորդող «լայվերն» ու պարզաբանումներն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան տալիս բարձրացված հարցերի պատասխանները։ Կոմունալներ չմուծելու դեպքում անջատումներ չեն լինի, իսկ մի քանի օր անց խոստովանել, որ՝ հո չէի՞նք պատկերացնում, որ կորոնավիրուսի դեմ պայքարն այսքան երկար կտևի, ուստի պետք է վճարել անպայման։

Արձանագրենք, որ այս ընթացքում մենք ականատես ենք ներքաղաքական գլխապտույտ բավական ակտիվ գործընթացների, որոնք գլխավորապես պայմանավորված են նախկին իշխանությունների և նրանց հետ փոխկապակցված անձանց նկատմամբ գործող իշխանության նախաձեռնած ֆեյքային գրոհով ու տոտալ հակաքարոզով։ Օրվա իշխանությանը մնացել է միայն մի գործիքակազմ՝ ատելության գործիքակազմը։

Փաստացի ունենք այնպիսի իրավիճակ, որ գրեթե ամենօրյա հաճախականությամբ ականատես ենք դառնում ինչ-որ մի նախկին պաշտոնյայի նկատմամբ քրեական գործի հարուցման կամ հետախուզում հայտարարելու դեպքերի։ Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը գտնվում են մի տեսակ դիսկոմֆորտ փուլում, ավելին՝ նրանց գործողություններում մի առանձնահատուկ շտապողականություն է նկատվում, որն ուղեկցվում է ակնհայտ փնթի գործելաոճով։

Արժանապատվության կարևորությունը և արժանապատվության իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը չտեսնող պետությունները և հասարակություններն ատելության և բռնությունների (նաև՝ դրանցից բխող բացասական երևույթների) պակաս չեն ունենալու:

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս