Բաժիններ՝

COVID-19. Չինաստանում վարակվածության 1 դեպք է գրանցվել. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 669 հազար 604-ը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 253 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 210 հազար 424 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 213 հազար 010 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 69 հազար 925 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 250 հազար 561 է: Մեկ օրում 2 հազար 260 վարակվածության նոր դեպք է գրանցվել: Մահացության ցուցանիշը կազմում է 25 հազար 613:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 211 հազար 938 է: Վարակից մահացել է 29 հազար 079 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Մեծ Բրիտանիան է, որը շրջանցեց Ֆրանսիային: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 190 հազար 584: Վարակի հետևանքով մահացել է 28 հազար 734 մարդ: Մեծ Բրիտանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ գրանցվել է 169 հազար 462 հաստատված դեպք, մահացել է 25 հազար 201 մարդ:

Գերմանիայում 166 հազար 199 հաստատված դեպք կա, մահացածների ընդհանուր թիվը 6 հազար 993 է: Վարակվածների ընդհանուր թվով Գերմանիային հաջորդում է Ռուսաստանը, որը շրջանցել էր Թուրքիային: Այստեղ մեծ թվերով աճում է վարակվածների թիվը: Վերջին մեկ օրում 10 հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվել՝ ընդհանուր թիվը դառնալով 155 հազար 370: Երկրում մահացածների ընդհանուր թիվը կազմում է 1451:

Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 127 հազար 659-ի, մահացածներինը՝ 3 հազար 461-ի: Վարակվածների ընդհանուր թվով հաջորդ տեղում Բրազիլիան է 108 հազար 620 հաստատված դեպքով: Մահերի թիվը կազմում է 7 հազար 367: Իրանում վարակվածների թիվը հասել է 99 հազար 970 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 340 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 881 ընդհանուր, 1 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 604-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 9 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 17 հազար 142, մահերինը՝ 12-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 15 հազար 192 է, մահացածներինը՝ 146:

Եգիպտոսում 6 հազար 813 հաստատված դեպք կա, մահացել է 436 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 5 հազար 804-ի, մահացածներինը՝ 40-ի: Իրաքում գրանցվել է 2 հազար 346 վարակվածության, 98 մահվան դեպքով: Լիբանանում կա 741 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 25: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 44-ի: Մահացել է 3 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:

ԱՀԿ-ն արձագանքել է Ֆրանսիայում դեռ դեկտեմբերին COVID-19-ի ի հայտ գալու տեղեկատվությանը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հավանական է համարում այն, որ COVID-19-ի վարակվածության առաջին դեպքերն աշխարհի տարբեր երկրներում ի հայտ եկած լինեն դեռ դեկտեմբերին: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերը՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, ըստ որի, կորոնավիրուսով վարակվածության դեպքերը Ֆրանսիայում ի հայտ են եկել 2019 թվականի դեկտեմբերին:

«Դա հետաքրքիր բացահայտում է: Դա կարող է օգնել ավելի լավ պատկերացնել կորոնավիրուսի պոտենցիալ տարածումը: Դա զարմանալի չէ, որովհետև ամենավաղ դեպքերն արձանագրվել են դեռ դեկտեմբերի սկզբին, այնպես, որ հնարավոր է վարակված մարդիկ Ուհանից ճանապարհորդած լինեն այլ երկրներ: Նաև հնարավոր է, որ ավելի շատ վաղ դեպքեր վերհանվեն՝ կապված այն հանգամանքի հետ, թե երկրներն ինչպես կթեստավորեն դեպքերը»,-ասել է նա:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, Ֆրանսիայում բժիշկ Իվ Կոենը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի առաջին դեպքն իրականում գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերին, սակայն դա պարզվել է հիմա: Դեկտեմբերի 27-ին բժիշկը բուժել է Փարիզից մի պացիենտի, ով թոքաբորբ է ունեցել: Նա ապաքինվել է և դուրս է գրվել, սակայն բժշկի այս օրերին արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նա կորոնավիրուսով հիվանդ է եղել: 50-ամյա տղամարդը չի կասկածել, որ կորոնավիրուսով հիվանդ է եղել: Ավելի վաղ նշվում էր, որ Ֆրանսիայում COVID-19-ի առաջին դեպքերը գրանցվել են հունվարի 24-ին: Երկու հոգին վերադարձած են եղել Ուհանից, երրորդ անձը եղել է նրանց ընտանիքի անդամը:

Բժիշկը դիմել է Առողջապահության ազգային գործակալությանը և կոչ է արել մյուս վարակաբաններին վերաճշգրտել ունեցած թեստերը:

Եգիպտոսում օտարերկրյա զբոսաշրջիկներին մոտ ապագայում չեն սպասում

Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Խալեդ ալ-Անանին հայտարարել է, որ միջազգային զբոսաշրջությունը մոտ ապագայում Եգիպտոս չի վերադառնա: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նա պարզաբանել է, որ օտարերկրյա զբոսաշրջիկների Եգիպտոս վերադարձը կախված է ոչ միայն Եգիպտոսում, այլև այն երկրներում առկա իրավիճակից, որտեղ բնակվում են: Անանիի խոսքով՝ տարբեր պետությունների ներկայացուցիչներ հետաքրքրվել են, թե արդյոք հնարավո՞ր է, որ Եգիպտոսը զբոսաշրջությունը բացի հունիսին: Նախարարը նշել է, որ կառավարությունը դա կդիտարկի այն ժամանակ, երբ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կհստակեցվի: Նրա խոսքով՝ ճանապարհորդները, հավանաբար ստիպված կլինեն ապացուցել, որ վարակված չեն: Դրանից բացի, հնարավոր է զբոսաշրջիկների շրջանում տարիքային սահմանափակում մտցվի, օրինակ, մինչև 48 տարեկանը: Նախարարը տեղեկացրել է, որ մինչև հունիս հյուրանոցներն աշխատելու են միայն տեղացիների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031