Բաժիններ՝

Արդեն պատվերներ ունենք դեղատներից, գործարաններից, պետական կառույցներից, ԱԺ-ից, Երևանի  քաղաքապետարանից… Տավուշ տեքստիլը» սկսել է պաշտպանիչ եռաշերտ դիմակներ արտադրել

«Տավուշ տեքստիլ» ընկերությունը պաշտպանիչ եռաշերտ դիմակների արտադրություն է սկսել։

«Մենք 2015 թվականից  Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ, Արծվաբերդ, Չորաթան համայնքներում բանվորական ձեռնոցների մեծ արտադրություն ենք հիմնել, ունենք  800 աշխատակից։ Հիմնականում արտահանում ենք։ Իսկ  կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ստեղծված իրավիճակը մեզ դրդեց, որպեսզի նաև պաշտպանիչ դիմակներ արտադրենք՝ դեֆիցիտը հաղթահարելու համար, որը կնպաստեր, որպեսզի շուկայում դիմակների գինն իջներ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ընկերության գործադիր տնօրեն Միքայել Եզեկյանը։

Նրա փոխանցմամբ՝ մեկ օր է, ինչ սկսել են դիմակներն արտադրել։ Երեք օրից օրական արտադրական ծավալները կհասնեն 300.000-ի:

«Հումքը բերվում է դրսից, այն բարձր որակի է։ Դիմակների մեջտեղի շերտը հատուկ ֆիլտրող ֆունկցիա ունի։ Այս պահին բերում ենք ՌԴ-ից։ 10 միլիոն զույգ արտադրելու հումք ունենք նախապատրաստած։

Արդեն պատվերներ ունենք․ պատվերները դեղատներից, գործարաններից, պետական կառույցներից, սրճարաններից, Ազգային ժողովից, Երևանի  քաղաքապետարանից, Տավուշի մարզպետարանից են։ Մանրածախ վաճառքով չենք զբաղվում։ Կլինեն դիլերներ, ովքեր կմատակարարեն խանութներին, գինը 150 դրամ է։ Գինը կախված է հումքից։ Մեր հայրենակիցների մոտ մի քիչ թյուր կարծիք կա այս առումով․ մեկը գրել էր, թե պետք է անվճար բաժանենք։ Հաճույքով այդպես կանեինք, եթե հումքն ու մնացած ամեն ինչն անվճար լիներ, բայց հումքի գինն այս պահին համաշխարհային շուկայում 10 անգամ ավելացել է»,- նշեց Միքայել Եզեկյանը։

Հարցին՝ արդյո՞ք դիմակները նաև արտահանվելու են, «Տավուշ տեքստիլ» ընկերության գործադիր տնօրենը պատասխանեց․

«Այս պահին ուզում ենք հայկական շուկայի դեֆիցիտը լրացնել, որ նախ՝ անորակ ապրանք չլինի։ Իրականում այն, ինչ այսօր կա շուկայում, մեծ մասամբ ստանդարտներին չի համապատասխանում։ Անհայտ ծագման հումքով կարված դիմակն ավելի շատ վնաս է տալու, քան օգուտ։ Դու քո շնչած ածխաթթու գազը հետ ես շնչելու ու վնաս ես տալու քեզ»։

Միքայել Եզեկյանը հայտնեց նաև, որ ճգնաժամի այս պայմաններում որևէ աշխատակցի չեն կրճատել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս