«Եթե վարչապետը սկսի հերքել Միքայել Մինասյանի հայտարարությունը, կարող է պարզվել, որ այդ ամենը տեսաձայնագրված է». Արմեն Բադալյան

Միքայել Մինասյանը նախկինում էլ էր խիստ քննադատում գործող իշխանություններին, բայց եթե նախկինում այդ քննադատությունները զուտ տեսական՝ ընդհանուր քաղաքական գնահատականներ էին, ներկայումս դա ոչ այնքան քննադատություն էր, որքան հաղորդում հանցագործության մասին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Հիշեցնենք, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Ստի վերջը» խորագրով նոր տեսաշարի առաջին թողարկման ժամանակ հայտարարել է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից իրեն առաջարկել է սիմվոլիկ գումար փոխանցել և դադարել պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ, դառնալ ապաքաղաքական մարդ, շարունակել ապրել երջանիկ կյանքով՝ Հայաստանից դուրս։

Դատախազությունից հայտնել էին, որ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ֆիքսվել են ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում և ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և տեսանյութում նշվող հանգամանքներին իրավական գնահատականներ տալու հանձնարարությամբ:

Արմեն Բադալյանը նկատեց՝ քննությունը կիրականացվի, թե ոչ, այլ հարց է, բայց այն, որ չէին կարող հանցագործության մասին հաղորդումն անտեսել, ակնառու էր։

«Եթե վարչապետը սկսի հերքել Մինասյանի հայտարարությունը, ապա կարող են այլ հարցեր ի հայտ գալ, օրինակ՝ պարզվի, որ այդ ամենը տեսաձայնագրված է՝ ինչպես է ԱԱԾ նախկին տնօրենը սրճարանում նման առաջարկ արել, կամ տեսաձայնագրված լինի, թե ինչպես է վարչապետն ԱԱԾ նախկին տնօրենին հանձնարարում նման գործողություն իրականացնել։

Իսկ միգուցե տեսաձայնագրված են այլ գործիչների նկատմամբ նման գործողություններ, գուցե՝ արդեն իսկ կնքված գործարքներ։ Եթե այդ ամենը հերքես, գուցե տեսաձայնագրությունը դրվի շրջանառության մեջ։ Ինչ վերաբերում է վարչապետի կողմնակիցներին, որ ծաղրում են Մինասյանի հայտարարությունը, բնական է, որ այդպիսի հանձնարարական են ստացել և այդպես էլ պետք է անեն։ «Իմ քայլը» խմբակցությունն ինքնուրույն քաղաքական միավոր չէ, ինչ որ վարչապետն ասում է, դա էլ իրականացնում են։ Այնտեղ ինքնուրույն քաղաքական դեմքեր չկան, նրանք հանձնարարական են կատարում»,- ասաց Արմեն Բադալյանը։

Նա նկատեց՝ հանձնարարական է եղել Միքայել Մինասյանի հայտարարությունը ծաղրանքի վերածել, որպեսզի թուլացնեն դրա ազդեցությունը.

«Եթե մի բանը սկսում ես ծաղրել, կատակի վերածել, քեզ թվում է՝ այդ փաստի կարևորությունը չեզոքացնում ես, բայց դա չի աշխատելու։ Մեղադրանքը հնչեցվել է, դրան պետք է պատասխան տրվի՝ կա՛մ ճիշտ է ասում, կա՛մ ոչ։ Պատկերացրեք, եթե այդ հարցը դրվի շրջանառության մեջ, ինչ կստացվի. վարչապետն իր ընտրազանգվածին ասում է, որ նախկին կոռուպցիոներները պետք է դատվեն, կոպեկ առ կոպեկ վերադարձնեն, և այլն, ու հետո պարզվում է՝ ոչ հրապարակային ճակատում իր ասած՝ նախկին կոռուպցիոներներից մեկի հետ փաստորեն գործարքի մեջ է մտել, առաջարկել՝ որոշակի գումարներ տալով՝ հանգիստ հեռանալ։

Նշանակում է, որ վարչապետի հրապարակային ելույթներն ու կուլիսային գործողություններն իրար հետ չեն համընկնում, իսկ դա ընտրազանգվածի կորուստ է բերում։ Իհարկե, կա ընտրազանգվածի մի խումբ, որը կռապաշտության աստիճանի պաշտում է վարչապետին, բայց այդ խումբը գնալով ավելի ու ավելի պակասում է, դրանով վարչապետի կերպարն է կոտրվում, ստացվում է, որ նա սուտասան է։

Սա քաղաքականության մեջ ընդունված տարբերակ է, բայց վարչապետի կերպարն է կոտրում, գուցե ուրիշի դեպքում նման ազդեցություն չունենար, բայց իր դեպքում ունենում է»։

Տեսանյութեր

Լրահոս