«Այս գործողությունները կարող են լինել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի առաջին ծիլերը»․ Ռոբերտ Հայրապետյան
«Քիչ առաջ պարզ դարձավ, որ դատարանը թույլատրել է խուզարկել «Ucom»-ի նոր տնօրեն Արա Խաչատրյանի աշխատասենյակը, սակայն, հակառակ թույլտվության որոշման՝ ԱԱԾ աշխատակիցները խուզարկում են «Ucom» ընկերության նախկին տնօրեն Հայկ Եսայանի աշխատասենյակը։ Սա արդեն կարևոր արձանագրում է, փաստելու համար, որ խուզարկությունը առերևույթ ապօրինի է իրականացվում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։
Ըստ իրավաբանի՝ «Ucom» ընկերության շուրջ տեղի ունեցող վերջին իրավական զարգացումները, մեղմ ասած, տարօրինակ են, և քայլերի հաջորդականությունը որևէ իրավական տրամաբանություն չի ենթադրում․ «Այս գործողությունները ոչ միայն արհեստական խոչընդոտներ են ստեղծում մեծ թվով անձանց սպասարկում իրականացող ընկերության բնականոն գործունեության համար, այլև անուղղակի ոչ իրավաչափորեն միջամտում են սպառողների շահերին։ Այս ամենը թույլ է տալիս առաջ բերել կանխավարկած, որ այս գործողությունները կարող են լինել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի առաջին ծիլերը։
Կախված նրանից, թե ինչ զարգացումներ կլինեն ընկերության շուրջ հետագայում, ըստ այդմ՝ հնարավոր կլինի ավելի դիպուկ իրավական գնահատական տալ ռազմականացված մարմիններում ծառայողների և նրանց վերադասների գործողություններին»։
Հիշեցնենք, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու` «Ucom» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի փաստաբան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ այս պահին խուզարկություն է իրականացվում «Ucom» ընկերության նոր տնօրենի բնակարանում․ «Առգրավվում են քրեական գործին չառնչվող և ընկերության ռազմավարական զարգացմանը վերաբերող փաստաթղթեր»։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ են կանչվել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանի մայրն ու կինը։