«Լաբիրինթ» ռեստորանի աշխատակիցն ահազանգում է՝ պետության տված 68.000 դրամ աջակցությունից սոցվճար են պահել, տնօրենը հերքում է
168.am-ին դիմած «Լաբիրինթ» գարեջրային ռեստորանային ցանցի աշխատակիցն ահազանգում է՝ իրենց ղեկավարը պետության հատկացրած միանվագ դրամական աջակցությունը ստացել է ռեստորանի 30-ից ավելի աշխտակիցների անունով, սակայն ստացված 68.000 ական դրամներից սոցիալական վճար է պահել և այլ պահումներ արել, որից հետո նոր մնացած գումարը փոխանցել է աշխատակիցներին՝ այն պարագայում, երբ հայտարարվել էր, որ միանվագ դրամական օգնությունից ոչ մի լումա պահում չպետք է արվի:
Մեզ դիմած քաղաքացին, որը հասկանալի պատճառով չցանկացավ նշել իր անուն-ազգանունը, նաև հայտնեց, որ պետության տված միանվագ դրամական աջակցությունն իրենք ամբողջությամբ չեն կարողացել ստանալ, քանի որ 2020 թվականի հունվարից հետո, երբ պարտադիր դարձավ աշխատավարձի անկանխիկ վճարումը, իրենց ղեկավարությունը բանկային քարտեր է պատվիրել դրանք չունեցող աշխատակիցների համար, սակայն քարտերը չի տվել աշխատակիցներին:
«Մենք, արդեն մի քանի ամիս է, մեր անունով ունենք բանկային քարտեր, որոնց վրա ամեն ամիս նստում է մեր աշխատավարձը, դրա մասին իմանում ենք մեր հեռախոսահամարին եկող հաղորդագրությունից: Մեր ղեկավարությունը աշխատողների բանկային քարտերից աշխատավարձը կանխիկացնում ու փոխանցում է աշխատողներին: Մեր անունով հանված բանկային քարտերը մեզ մոտ չեն, իսկ եթե մեզ մոտ լինեին, ապա մեր անունով փոխանցված միանվագ աջակցությունից մեր ղեկավարությունը չէր կարող պահումներ անել»,- պատմեց «Լաբիրինթ» գարեջրային ռեստորանային ցանցի աշխատակիցը:
Նրա խոսքով՝ 2020 թվականի մարտի 16-ից իրենք դադարեցրել են աշխատանքը, և երբ պետության կողմից սկսել են գործարկվել միանվագ սոցաջակցության ծրագրերը, ղեկավարությունից ստացել են հետևյալ առաջարկը:
«Ասացին՝ եկեք կազմակերպության անունից դիմենք ու բոլորիդ համար ստանանք այդ միանվագ աջակցությունը, մենք էլ, հաշվի անելով այն, որ այդ ծրագրերին շատերը դիմում և մերժվում էին, համաձայնեցիք: Կարճ ժամանակ անց ստացանք հաղորդագրություն, որ մեր քարտային հաշվեհամարին փոխանցվել է 68.000 դրամ, այնուհետև՝ ևս մեկ հաղորդագրություն՝ գումարը կանխիկացվել է, ապա 3-րդը՝ փոխվել է քարտի PIN կոդը: Բայց ի՞նչ պարզվեց, մեր ղեկավարությունը մեզ ամբողջ 68.000 դրամը չփոխանցեց. ասաց, որ այդ գումարից սոցվճար է պահել, բացի այդ, պահվել էր նաև աշխատակիցների, օրինակ, ջարդած ափսեների, բաժակների, ունեցած պակասուրդների գումարները:
Օրինակ՝ ինձ հասած 68.000 դրամից պահվել է 7000 դրամ սոցվճար, այլ պահումներ ևս արվել են, և արդյունքում ստացել եմ գումարի գրեթե կեսը»,- ասաց մեզ դիմած քաղաքացին՝ նշելով, որ, երբ ստեղծված իրավիճակի վերաբերյալ փորձել են պարզաբանումներ ստանալ տնօրենից, վերջինն ասել է, թե ռեստորանը գնվում է վատ վիճակում, իսկ աշխատակիցներն իրենց պատճառած գույքային վնասը պետք է փոխհատուցեն:
«Բայց մեր տեղեկություններով՝ աշխատողների աշխատավարձերի 20 տոկոսի չափով մեր ռեստորանը նաև դրամաշնորհ է ստացել պետությունից. Արդյունքում՝ ստացվում է՝ և՛ 68.000-ական դրամներից պահումներ է արվել, և՛ ռեստորանը ստացել է նաև աշխատավարձերի ֆոնդի 20 տոկոսի չափով դրամաշնորհ»,- ասաց մեր զրուցակիցը:
168.am-ը ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ խնդրեց «Լաբիրինթ» գարեջրային ռեստորանային ցանցի տնօրեն Հրաչյա Ատոմյանից:
Նա մեզ հետ զրույցում նախ ներկայացրեց աշխատակիցների բանկային քարտերի՝ իր մոտ հայտնվելու պատմությունը:
«Իրավիճակն էսպիսին է. երբ օրենք ընդունվեց, որ աշխատակիցների աշխատավարձերն այլևս պետք է վճարվեն անկանխիկ եղանակով, ես այլևս չէի կարող աշխատողներին ամեն օր աշխատավարձ վճարել, ինչն անում էի մինչ այդ, ամբողջական աշխատավարձը պետք է փոխանցեի քարտին: Երբ ես աշխատողներին ասացի, որ այլևս ամեն օր աշխատավարձ չեմ կարող վճարել, և նրանք դա կստանան ամսվա վերջում, աշխատակիցները սկսեցին նեղսրտել, որ իրենք ապրում են օրավարձի գումարով, և խնդրեցին ելք գտել, ես էլ առաջարկեցի հետևյալը՝ ես ձեզ ամեն օր փոխառություն՝ պարտքով փող կտամ ձեր օրավարձի չափով, բայց որպես փոխառության երաշխիք՝ ձեր բանկային քարտերը կմնան ինձ մոտ, աշխատավարձը ձեր հաշվեհամարին նստեցնելուց հետո իմ տված պարտքով գումարը կվերցնեմ ինձ, իսկ մնացորդը կփոխանցեմ ձեզ:
Որևէ մեկը չի կարող, չէ՞, բացառել այն տարբերակը, որ ես աշխատողներին պարտքով փող տամ ամեն օր, հետո՝ աշխատավարձ, ու նրանք պարզապես վերցնեին գումարն ու հեռանային ու չտային իմ պարտքով գումարը: Կրկնում եմ՝ աշխատակիցները հոժարակամ իրենց բանկային քարտերը տվել են ինձ, ու մենք երկու ամիս այդպես աշխատել ենք»,- ասաց Ատոմյանը:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդոք պետությունից ստացած 68.000 ական դրամ միանվագ գումարից պահե՞լ է սոցիալական վճարներ, Հրաչյա Ատոմյանը պատասխանեց.
«Ես որևիցե աշխատողից ոչ մի լումա սոցիալական վճար չեմ պահել, այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, ես այդ գումարից պահել եմ աշխատակիցների՝ ինձ հասցված գույքային վնասի գումարը՝ կոտրված բաժակների, ափսեների և այլն: 68.000 դրամը բերել-տվել եմ իրենց, ասել եմ՝ վերցրեք, բայց վճարեք ինձ հասցված գույքային վնասը, ու ինձ չի հետարքքրում, թե իրենք այդ 68000 դրամի՞ց կտային, թե՞ այլ տեղից: Ես գույքային վնասի համար պետք է ստանայի ինձ հասցված վնասը, որպեսզի կատարեի իմ մյուս ծախսերը, ինչն էլ արել եմ»:
Հարցին՝ արդյո՞ք օգտվել է տնտեսվարողներին տրվող՝ աշխատակիցների՝ 20 տոկոսի չափով դրամաշնորհների ծրագրից, Ատոմյանը պատասխանեց.
«Չեմ դիմել ու չեմ ստացել այդ դրամաշնորհը, ինձ պետք չէ, ես չեմ ցանկանում պետությանը ծանրաբեռնել: Այդ 14 ծրագրերից դիմել եմ միայն այդ 68.000 դրամները ստանալու համար»:
Հրաչյա Ատոմյանը նաև հայտնեց, որ խնդրի վերաբերյալ նաև ոստիկանությունն է տեղյակ, և ինքն արդեն այնտեղ բացատրություն է տվել: