Բաժիններ՝

«Մենք միայն արտադրողն ենք, տեղափոխման պատասխանատուն գնորդն է». Արմեն Ունանյան

Ապրիլի 29-ին տեղեկություն տարածվեց, որ Ռուսաստանում կալանավորվել է Հայաստանից մաքսանենգ ճանապարհով ծխախոտի մեծ խմբաքանակ տեղափոխող օդանավ: Նույն օրը լուր ստացվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդին` ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Հրաչյան Հակոբյանն է կանգնած շուրջ 40 տոննա մաքսաննգ ծխախոտի արտահանման հետևում:

Թեմայի շուրջ 168.am-ը զրուցել է «Արմենիան տոբակո քոմփանի» ընկերության տնօրեն Արմեն Ունանյանի հետ:

-Ըստ հրապարակումների՝ ՌԴ-ում կալանավորվել է հայկական արտադրության ապօրինի կերպով մաքսազերծված ծխախոտի խոշոր խմբաքանակ, և տեղեկություններ կան, որ այդ ծխախոտն արտադրել է Ձեր ղեկավարած կազմակերպությունը: Խնդրում ենք պարզաբանել` դուք միայն ծխախոտ արտադրո՞ղն եք, թե՞ նաև արտահանման հետ առնչություն ունեք:

-Նախ, մեր արտադրանքը ապօրինի կերպով չի մաքսազերծվել, սխալ են տարածված այդ լուրերը: Երկրորդ, մենք միայն արտադրողն ենք, գնորդն ինքն է հանդես գալիս որպես տեղափոխման պատասխանատու: Օդանավակայանում մեր ռիսկերն ամբողջովին անցնում են գնորդին սահմանը հատելուց հետո: Այսպիսի մի տերմին կա` FCA «Զվարթնոց», որը նշանակում է` «Մինչև բեռնափոխադրողի մոտ»: Այս տերմինը նշանակում է, որ վաճառողը մաքսազերծած ապրանքը հասցնում է մինչև գնորդի նշած վայրը՝ նրա բեռնափոխադրողին: Եթե ապրանքը տրամադրվում է վաճառողի տարածքում, ապա վաճառողը պատասխանատու է ապրանքի բարձման համար: Եթե ապրանքը տրամադրվում է մեկ այլ վայրում, ապա վաճառողը պատասխանատու չէ ապրանքի բարձման համար: Նշված տերմինը կիրառվում է տրանսպորտային տարբեր միջոցներով բեռնափոխադրումների ժամանակ, ներառյալ` խառը բեռնափոխադրումները:

Բերնափոխադրող կարող է հանդիսանալ յուրաքանչյուր անձ, ով համաձայն պայմանագրի` պարտավոր է ապահովել ապրանքի բեռնափոխադրումը երկաթուղով, ավտոմեքենայով, օդային, ծովային տրասպորտներով կամ էլ խառը փոխադրումով: Եթե գնորդը վստահում է ապրանքի հանձնումը մեկ այլ անձի, որը չի հանդիսանում բեռնափոխադրող, ապա վաճառողի պարտականություններն ավարտվում են ապրանքը տվյալ անձին հանձնելու պահից:

Պարզ ասած`մեր պարտավորությունը ապրանքը մինչև «Զվարթնոց» օդանավակայան հասցնելն է, իսկ թե դրանից հետո ապրանքի հետ ի՞նչ կլինի, կկանգնեցնեն, կվառվի, ինքնաթիռ կպայթի, դա արդեն իր խնդիրն է: Մեզ հետ դա արդեն որևէ կապ չունի:

-Այսինքն` արտահանման հետ Դուք որևէ առնչություն չունեք:

-Արտահանման հետ մենք առնչություն ունենք այնքանով, որքանով որ մաքսային օրենսդրությամբ` որպես արտահանող` պետք է հանդես գա տվյալ երկրի ռեզիդենտը: Մենք հանդես ենք գալիս որպես արտահանող, սակայն դեկլարացիայի մեջ որպես գնորդ ու Աֆղանստան ներմուծող, նշված է այլ կազմակերպություն: Մեր բեռը միանշանակ նախատեսված է այդ կազմակերպության համար: Վերջինս կանխավճարով վճարել է խմբաքանակի համար, և մենք որևէ խնդիր չունենք`կապված այդ բեռի հետ: Նույնիսկ եթե այն կալանավորված է, մենք որևէ կերպ չենք տուժում:

Իրավական որևէ խնդիր նույնպես չունենք, քանի որ խմբաքանակն արտահանել ենք մեր և ԵՏՄ օրենսդրության համապատասխան, էլեկտրոնային հայտարարագիրն էլ լրացրել եմ:

-Որքա՞ն կանխավաճար եք ստացել ծխախոտի այդ խմբաքանակի համար:

-Մենք ապրանքը բաց ենք թողնում կանխավճար ստանալուց հետո: Մեր վերջին արտահանումը կազմել է 386 200 ԱՄՆ դոլար:

-Իսկ կարո՞ղ եք նշել այն կազմակերպության կամ անձանց անունները, ովքեր հանդես են եկել որպես գնորդ, ներմուծող:

-Պայմանագրով դա կոմերցիոն գաղտնիք է: Ես իրավունք չունեմ դա հրապարակել, քանի դեռ չունեմ այդ կազմակերպության համաձայնությունը, իսկ այդ համաձայնությունը ես չունեմ:

-Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք այն տեղեկություններին, որ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում (ՊԵԿ) ձեր արտադրանքը ներկայացվել է որպես կենցաղային տեխնիկա և այլ անվան տակ ուղարկվել Ռուսաստան:

-Նման բան չի կարող լինել, որովհետև մեր միջնորդը լրացրել է էլեկտրոնային հայտարարագիրը, իսկ դա ԵՏՄ միասնական տարածքի համակարգի մեջ միանգամից օնլայն ռեժիմով երևում է: Այսինքն` չէր կարող ՊԵԿ-ը ձևակերպեր այդ ապրանքը որպես կենցաղային տեխնիկա, քանի որ մեր վարձած բրոքերն է հայտարարագիրը լրացրել: Բացի դրանից, իմ ձեռքի տակ կա հայտարարագիրը, որտեղ գրված է` ծխախոտ:

Ընթերցողին նաև հիշեցնենք, որ ավելի ուշ Fip.am կայքը գրեց, որ Ռուսաստանում առգրավված ծխախոտի արտադրող և արտահանող ընկերությունը «Արմենիան տոբակո քոմփանի» ՍՊԸ-ն է։ Ընկերության ներկայացուցիչը, ըստ կայքի, Newarmenia.am-ի հետ զրույցում հաստատել է, որ խմբաքանակն իրենք են ուղարկել Աֆղանստան՝ կասկած հայտնելով, որ իրենց մրցակից կազմակերպություններն են փորձում խոչընդոտ ստեղծել իրենց համար։ Ընկերության տնօրեն Արմեն Ունանյանը բացառել է, որ կարող է խմբաքանակի մեջ հայկական դրոշմանիշով ծխախոտ լինել։

«Փաստացի, «Արմենիան տոբակո քոմփանին» ընդունում է, որ Ռուսաստանում առգրավված ծխախոտը պատկանում է իրեն, թեև հերքում է, որ այն մաքսանենգ ճանապարհով է այնտեղ հասել։ Ինչ վերաբերում է Հրաչյա Հակոբյանի հետ կապին, ապա «Արմենիան տոբակո քոմփանիում» չկան այնպիսի անձինք, որոնք փոխկապակցված են պատգամավորի հետ, իսկ նա, իր հերթին, առնչություն չունի ծխախոտի փոխադրումների հետ»,-գրել է փաստերի ստուգման հարթակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս