ԵԱՏՄ տարածքում որևէ մթերային ապրանքի լուրջ դեֆիցիտ չկա․ ԵԱՏՄ նախարար

«Ապրանքների միակ խումբը, որը դեֆիցիտ է ԵԱՏՄ տարածքում, միրգն ու հատապտուղներն են»,- «Ինչպիսի՞ն է իրավիճակը ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգության ոլորտում» թեմայով Մոսկվա-Երևան-Մինսկ առցանց տեսակամուրջի ժամանակ այսօր ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը։

Նա նշեց, որ ԵԱՏՄ անդամ երկրներում պարենային դեֆիցիտի վերաբերյալ մտահոգությունների առաջացման հենց սկզբնական փուլում ԵԱՏՄ-ն իրականացրել է մթերային ապահովման համար պահանջարկի ու առաջարկի հաշվարկ։ Դրա համաձայն, նրա համոզմամբ, սկզբունքորեն որևէ ապրանքի դեֆիցիտ միության երկրներում գոյություն չունի։ Ավելին, նախարարը վստահեցնում է, որ ապրանքների ճնշող մեծամասնության մասով պրոֆիցիտ կա՝ հացահատիկի, շաքարավազի, կարագի և մսի պրոֆիցիտ։

«Ապրանքների միակ խումբը, որը դեֆիցիտ է միության տարածքում, մրգերն են ու հատապտուղները, բայց այդ մասով միությունն ապահովում է իր մոտավորապես 40-45 տոկոս պահանջարկը, մնացած մասը ներկրում է։ Ապրանքների մյուս խմբերը պրոֆիցիտ են, և խնդիրներ մթերային ապրանքների պաշարների հետ չկան։

Ավելին, կանխատեսումները ցույց են տալիս, որ, եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն, ի դեպ, որպես ֆորս-մաժոր՝ նկատի չունեմ կորոնավիրուսը, քանի որ այն արդեն ֆորս-մաժոր չի դիտարկվում, քանի որ իրականություն է, ապա 2020 թվականի  համար նույնպիսի իրավիճակ է լինելու՝ մեր կանխատեսումների համաձայն, և որևէ   անհանգստություն պարենային ապահովման  տեսանկյունից չկա»,- ասաց Արտակ Քամալյանը։

Տեսանյութեր

Լրահոս