ՊԵԿ պարզաբանումը՝ ՀՀ-ից ծխախոտի արտադրանքի «անօրինական» արտահանման վերաբերյալ
Զանգվածային որոշ լրատվամիջոցներում այսօր հրապարակված՝ ՀՀ-ից ծխախոտի արտադրանքի «անօրինական» արտահանման փաստի վերաբերյալ Պետական եկամուտներիր կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ խնդրո առարկա ծխախոտի արտադրանքը Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է «արտահանում» (այլ ոչ թե «տարանցիկ») մաքսային ընթացակարգով՝ էլեկտրոնային ապրանքային հայտարարագրի կիրառմամբ։
Հայտարարագիրը գրանցվել է մաքսային մարմինների էլեկտրոնային համակարգում։ Հայտարարագիրը ներկայացնելիս կցվել են նաև ապրանքն ուղեկցող փաստաթղթերը (հաշիվ-ապրանքագիր, բեռնագիր, պայմանագիր, ծագման հավաստագիր և այլն)։ Հայտարարագրի՝ համակարգում գրանցված լինելը նշանակում է, որ այն հնարավոր չէ կեղծել, իսկ դրանում առկա տվյալները՝ ՀՀ և ԵԱՏՄ անդամ (այդ թվում՝ ՌԴ) մաքսային մարմինների միջև գործող փոխգործակցության շրջանակում հասանելի են ՌԴ մաքսային մարմինների համար։
Հայտարարագրում և համապատասխան ուղեկցող փաստաթղթերում, որպես բեռի նշանակման երկիր նշված է Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունը։ Ընդ որում, թե հայտարարագրում, և թե բեռնագրում, որպես ԵԱՏՄ տարածքը լքելու ելքի մաքսային մարմին նշված է Ղազախստանի Հանրապետության «Տաժեն» մաքսակետը։
Կոմիտեն տեղեկացնում է նաև, որ խնդրո առարկա ապրանքների մի մասն առայժմ չի արտահանվել: Այն առ այսօր գտնվում է պահեստում՝ մաքսային հսկողության ներքո, և վերջինիս նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում պարզվել է, որ դրանք դրոշմավորված չեն ՀՀ ակցիզային դրոշմանիշներով, ինչը համապատասխանում է ՀՀ Հարկային օրենսգրքի 392-րդ հոդվածի պահանջներին։
ՊԵԿ-ը հայտնում է նաև, որ նշված ծխախոտի արտադրանքն ունի հայկական ծագում։ Դրանց մաքսային ձևակերպումները և հսկողությունը ՀՀ մաքսային մարմինների կողմից իրականացվել են օրենքի տառին համապատասխան, իսկ այլ երկրի տարածքում դրանց հետ կապված գործողությունների մասով ՀՀ մաքսային մարմինները որևէ իրավասություն չունեն և, բնականաբար, որևէ պատասխանատվություն չեն կարող կրել։
Հետևապես, նաև անհեթեթություն է մամուլի այն վարկածը, որ որևէ տնտեսավարողի կողմից այլ երկրի տարածքում առերևույթ թույլ տված որևէ խախտման կամ կեղծիքի մեջ պետք է փնտրել ՀՀ ՊԵԿ մաքսային մարմինների մասնակցությունը: