Գավառում տեղի ունեցածը Սահմանադրական դատարանի հարցը լուծելու մեր անվճռականության հետևանք է. Արման Բաբաջանյան
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ երեկ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությանը՝ դա կապելով դատական համակարգում, Սահմանադրական դատարանում փոփոխություններ չիրականացնելու իշխանության անվճռականության հետ:
«Մինչ մենք երեկ այստեղ թեժ քննարկումների մեջ էինք, Գավառում տեղի է ունեցել շատ տհաճ միջադեպ՝ մարդկային կորուստներով, որը հետո մանիպուլյացվել է լրատվամիջոցների կողմից, և ամբողջական պատկերը մինչև հիմա էլ չունենք: Ուզում եմ, որ մենք գնահատական տանք այն իրավիճակին, որն ունի հստակ պատճառներ, և այդ պատճառները, մեղավորությունը կիսում ենք մենք՝ որպես խորհրդարան, որ չենք կարողացել ժամ առաջ առողջացնել համարժեք քայլերով, լուծումներով դատական իշխանությունը, որի խայտառակ իրավիճակի ուղիղ արդյունք է այս իրավիճակը և հանցավորության աճը:
Դատական իշխանության այդ վիճակն էլ պայմանավորված է Սահմանադրական դատարանի հարցը չլուծելու մեր անվճռականությամբ և ավելի հասուն լուծումներ գտնելու անընդունակությամբ: Պետք է ցանկանայի նաև, որ ոստիկանապետ Արման Սարգսյանին հրավիրեինք Ազգային ժողով, որ որոշ պարզաբանումներ հայտնի»,- ասաց Արման Բաբաջանյանը: