Բաժիններ՝

«Իմ տնօրեն ընտրվելուց առաջ տնօրենի պաշտոնակատար է եղել այլ մարդ, ոչ Դեմոյանը, հետևաբար՝ ես նրա հետ «ընդունում-հանձնում» իրավական առումով չէի կարող անել». Մարության

Օրերս «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով խոսակցություններին, թե ինքը որոշել է վերանայել թանգարան-ինստիտուտի ֆոնդերը, ասել էր` ոչ թե ֆոնդերի վերանայում է կատարվում, այլ՝ վերահաշվառում:

168.am-ի հարցմանն ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարության ուղարկված գրության մեջ ասվում է, որ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը դիմել է նախարարությանը ոչ թե՝ ֆոնդերը վերահաշվառելու, այլ՝ ֆոնդերի կառուցվածքային փոփոխության և դրանք վերակազմակերպելու հարցով, ինչը չի առարկվել:

Սրանից հետո  «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանին  ի գիտություն ասացինք, որ ֆոնդերի վերահաշվառումը և ֆոնդերի կառուցվածքային փոփոխությունները տարբեր բաներ են: Պատեհ առիթն օգտագործելով՝ փորձեցինք ճշտել` ինչ ցանկ է ներկայացվել ԿԳՄՍ նախարարություն, եթե եղել են պակասող գրքեր վերահաշվառման արդյունքում: Հարություն Մարությանին ուղղել ենք նաև հետևյալ հարցադրումը` «Ըստ ինձ հասած տեղեկության, Դուք տնօրեն դառնալուց հետո հրաժարվել եք ֆինանսական ու գույքային ընդունում-հանձնում անելու Հ. Դեմոյանի առաջարկից 2018-ին, սա համապատասխանո՞ւմ է իրականությանը, եթե այո՝ ինչո՞ւ»։

Ստորև ներկայացնում ենք  «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի ամբողջական արձագանքը.

«Հարգելի Մարիամ Պետրոսյան,

Ի պատասխան անձնապես ինձ ուղղված Ձեր հարցմանն՝ արձագանքում ենք։

Ձեր առաջին հարցը ձևակերպված էր հետևյալ կերպ. «Դուք ասացիք, որ ֆոնդերի վերահաշվառում եք անում, իսկ նախարարությունն ասաց, որ դիմել եք ֆոնդերի կառուցվածքային փոփոխության հարցով։ Դրանք տարբեր բաներ են»։

Նոր տնօրենների ընտրությունից կամ նշանակումից հետո ֆոնդերի վերահաշվառումը  բնականոն գործընթաց է։ Ես դարձել եմ տնօրեն 2018 թ. հոկտեմբերի 5-ին, և արդեն հոկտեմբերի 18-ին տվել եմ հրաման թանգարանային, գրադարանային և արխիվային ֆոնդերում վերահաշվառում անցկացնելու մասին։ Ընդ որում, ըստ գործող կարգի, թանգարանների ֆոնդերը պետք է վերահաշվառվեն 3-5 տարին մեկ, ինչը ՀՑԹԻ-ում չի իրականացվել։ Թանգարանի ֆոնդերի վերահաշվառումը դա համապատասխան ստորաբաժանման գործառույթն է, որն իրականացվում է ընթացիկ աշխատանքների պլանավորման կարգով։ Այսինքն, ԿԳՄՍ-ի (ՀՑԹԻ-ի լիազոր մարմնի) թույլտվության անհրաժեշտությունը բացակայում է։

Ինչ վերաբերում է ֆոնդերի կառուցվածքային փոփոխության հարցին, ապա խոսքը վերաբերում է ֆոնդային և գրադարանային միավորների բաժանմանը: Այսինքն՝ հարցն ընդամենը գրքերը որպես ֆոնդային միավոր ֆոնդերից հանելն է և գրադարան տեղափոխելը: Մեր կողմից խնդրի բարձրացումն իրականացվել է ըստ գործող ընթացակարգերի. հարցը նախ քննարկվել է ֆոնդային գնահատող հանձնաժողովում, և նրանց դրական որոշումով հանդերձ խնդիրը ներկայացվել է ԿԳՄՍ նախարարություն։ Դրական պատասխանը ստացվել է ապրիլի 9-ին, և այդ աշխատանքները կիրականացվեն նորմալ աշխատանքային հուն վերադառնալուց հետո։

Ձեր հաջորդ հարցն է. «Ինչ ցանկ է ներկայացվել ԿԳՄՍ նախարարություն, եթե եղել են պակասող գրքեր, վերահաշվառման արդյունքում»։

Թանգարանային ֆոնդերում և գրադարանում վերահաշվառումը դեռևս չի ավարտվել։ Թե´ ֆոնդերում և թե´ գրադարանում գործընթացն իրականացնելու համար ձևավորվել են աշխատանքային հանձնաժողովներ։ Աշխատանքները դադարեցվել են բոլորիս հայտնի պատճառներով և կվերսկսվեն առաջիկայում։ Թանգարանի տնօրինությունը նրանցից հաշվառման ավարտի և արդյունքների վերաբերյալ պաշտոնական ակտ դեռևս չի ստացել։

Ձեր երրորդ հարցն է. «Ըստ ինձ հասած տեղեկության, Դուք տնօրեն դառնալուց հետո հրաժարվել եք ֆինանսական ու գույքային ընդունում-հանձնում անելու Հ. Դեմոյանի առաջարկից 2018-ին, սա համապատասխանո՞ւմ է իրականությանը, եթե այո՝ ինչո՞ւ»։

Մեզ համար պարզ չեղավ, թե պրն Դեմոյանի ինչ առաջարկի մասին է խոսքը։ Իմ տնօրեն ընտրվելուց առաջ տնօրենի պաշտոնակատար է եղել այլ մարդ, ոչ Դեմոյանը, հետևաբար ես նրա հետ «ընդունում-հանձնում» իրավական առումով չէի կարող անել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս