Բաժիններ՝

««Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը դիմել է ոչ թե՝ ֆոնդերը վերահաշվառելու, այլ՝ ֆոնդերի կառուցվածքային փոփոխության և դրանք վերակազմակերպելու հարցով». ԿԳՄՍ

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը դիմել է նախարարությանը ոչ թե՝ ֆոնդերը վերահաշվառելու, այլ՝ ֆոնդերի կառուցվածքային փոփոխության և դրանք վերակազմակերպելու հարցով, ինչը չի առարկվել: 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ նշված է ԿԳՄՍ նախարարության ուղարկած գրության մեջ, որը ներկայացնում ենք ստորև:

Բայց նախ հիշեցնենք, որ օրերս «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով խոսակցություններին, թե ինքը որոշել է վերանայել թանգարան-ինստիտուտի ֆոնդերը, ասել էր` ոչ թե ֆոնդերի վերանայում է կատարվում, այլ՝ վերահաշվառում:

«Ցանկացած նոր տնօրեն, երբ գալիս է, ինքը փորձում է հասկանալ նախորդի թողած ժառանգությունը, և միշտ լինում է վերահաշվարկ: Վերջին ավելի քան 10 տարում դա չի եղել, հիմա ֆոնդապահները յուրաքանչյուր առարկա հատ առ հատ վերցնում են, նայում, համեմատում համարները, առկայությունը, ստուգում բաժնի ֆոնդային մատյանում, գլխավոր գույքային մատյանում: Այսինքն` ճշտում են դրանց առկայությունը թանգարանում: Դա պրոցես է` ժամանակ պահանջող, և այս տարի պետք է ավարտվեր, որովհետև մարտի 27-ին պիտի լիներ մեր հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ պիտի զեկուցվեր արդյունքների մասին: Հոգաբարձուների խորհրդի նիստը հետաձգվեց, և այդ արդյունքների մասին չզեկուցվեց»,- նշել էր նա:

Սրանից հետո ապրիլի 21-ին կառավարության մամուլի կենտրոնում կազմակերպված ասուլիսի ընթացքում 168.am-ը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից փորձել էր ճշտել`  «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը դիմե՞լ է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` ֆոնդերի վերանայման կամ, ինչպես իրենք են ձևակերպում` ֆոնդերի վերահաշվառման հետ կապված թույլտվություն ստանալու խնդրանքով: Եթե՝ այո, ապա խնդրել էինք ասել` կոնկրետ ի՞նչ խնդրանք է ներկայացվել` վերանայմա՞ն, թե՞ վերահաշվառման, քանի որ վերահաշվառումն արդեն իսկ ընթացքի մեջ է»:

Արայիկ Հարությունյանն առաջարկեց մեր հարցադրումը գրավոր ուղարկել, ինչը և արվել է:

Մինչ այդ, իհարկե, հարցն ուղղվել էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանին: Նա  էլ ասել էր, որ թանգարանային գործունեության մեջ ֆոնդերի հաշվառումը և վերահաշվարկը բնական աշխատանքային գործընթաց է:

«Այսինքն` պարբերաբար լինում են համալրումներ, ոչ ստույգ գրանցումներ, որոնք հետագայում վերամշակման և լրամշակման կարիք ունեն: Անկեղծ ասած, այս հարցադրումից չեմ կարողանում հասկանալ մտահոգությունը, բայց եթե կա որևէ մտահոգվելու խնդիր, խնդրում եմ՝ գրավոր դիմել: Կրկնում եմ` այն, ինչ նկարագրվում է այստեղ, սա թանգարանների ամենօրյա գործունեությունն է»,- հավելել էր փոխնախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս