Էս նախագծով Կառավարությունը մինչև տարեվերջ բյուջեում վերաբաշխումներ կանի՝ առանց ԱԺ-ի թույլտվության. Էդմոն Մարուքյան
Կառավարությունն Ազգային ժողով է ուղարկել մի նախագիծ, որով առաջարկվում է, որ մինչև տարեվերջ խորհրդարանից թույլատվություն այլևս չստանան բյուջեում իրականացվելիք ցանկացած շարժի համար:
Այսօր Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ դիմելով զեկուցող՝ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Հիմա փաթեթ է բերվել խորհրդարան, որ մինչև տարեվերջ ինչքան շարժ անեն, այլևս խորհրդարան չեն գալու. սրա մասին է այս նախագիծը: Հիմա խորհրդարանը համաձա՞յն է սրան, թո՞ւյլ է տալիս, որ Կառավարությունը մինչև տարեվերջ բյուջեում որքան ուզի շարժեր կատարի՝ առանց իր թույլտվության, որովհետև, եթե նախկինում դրա համար գալիս էր խորհրդարան, հիմա ասում է՝ էլ չեմ գալու»,- ասաց Մարուքյանը:
Ի պատասխան Մարուքյանի հարցի՝ Ատոմ Ջանջուղազյանը հաստատեց. Այո՛, նախագծով առաջարկվում է՝ որոշակի սահմանափակումները, որոնք կային բնականոն իրավիճակում, հանել:
Արձագանքելով նախարարին՝ Մարուքյանն ասաց, որ մինչև տարեվերջ արտակարգ դրություն չի լինելու, և հետևաբար՝ անհասկանալի է, թե ինչն է պատճառը, որ խորհրդարանի պատգամավորները զրկվում են բյուջեում վերաբաշխումներ անելու վերաբերյալ կարծիք հայտնելու հնարավորությունից:
«Էդ մի կարծիք արտահայտելն էր մնացել, հիմա առաջարկում եք, որ խորհրդարանը դրանից ինքն իրեն զրկի»,- ասաց Մարուքյանը:
Խմբակցության ղեկավարը նախարարից հետաքրքրվեց նաև, թե Կառավարությունը ՀՆԱ-ի քանի տոկոսն է պատրաստ անվերադարձ տալ քաղաքացիներին՝ բերելով Չինաստանի օրինակը, որտեղ խոսքը ՀՆԱ-ի 5 տոկոսի մասին է, իսկ մեզ մոտ այդ թիվը 1 տոկոս էլ չի կազմում:
Ի պատասխան՝ Ջանջուղազյանն ասաց.
«Կառավարությունը քանի՞ տոկոսն է պատրաստ տալ. այս ձևակերպումը պայմանավորված է մեր հնարավորություններով: Մենք ոչ թե մի տոկոս պետք է դնենք ու դրան մոտենանք, այլ պետք է հասկանանք, թե ինչի կարիք մենք ունենք, և դեպի դա գնանք»:
Մանրամասները՝ տեսանյութում