«2020թ. սպասվում է հարկային եկամուտների զգալի նվազում». Ատոմ Ջանջուղազյան
Համավարակի տարածմամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարությունն Ազգային ժողովին առաջարկում է փոփոխել և լրացնել «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքը:
Օրենքի նախագիծն այսօր քննարկվեց ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովում:
Ներկայացնելով նախագիծը՝ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ օրենսդրական գործող կարգավորումները մի կողմից՝ թույլ են տալիս Կառավարությանը ձեռնարկելու իրավիճակին համարժեք գործողություններ, մյուս կողմից, սակայն, «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով իրավաչափորեն նախատեսված չեն համավարակի դեմ պայքարին, հիվանդության հետևանքների, այդ թվում` տնտեսական, չեզոքացմանը և վերացմանն ուղղված բյուջետային ծրագրեր, ընդ որում` այդ ծրագրերն իրականացվելու են ոչ միայն՝ արտակարգ դրության ընթացքում, այլև՝ դրա ավարտից հետո:
Նախարարի խոսքով՝ նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է ունենալ ՀՀ կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ծավալի և պատշաճ որակի ապահովում:
«Միջազգային կազմակերպությունների գնահատականները` համաշխարհային տնտեսության և հիմնական գործընկեր երկրների զարգացման և հնարավոր ռիսկերի մասին, փորձագիտական գնահատականների հետ մեկտեղ՝ օգտագործվել են ՀՀ տնտեսության վրա արտաքին զարգացումների ազդեցությունները գնահատելու համար: Գնահատվել են նաև Կառավարության կողմից կիրառվող ներքին սահմանափակումների ազդեցությունները, ինչպես նաև՝ պետական բյուջեի վրա դրանց հետևանքները:
Արտաքին զարգացումների ազդեցությունը գնահատվել է հետևյալ կերպ՝ արտահանման հավանական կորուստներ, դրամական փոխանցումների ներհոսքի հավանական կորուստներ՝ ՌԴ-ում տնտեսական աճի նվազմամբ պայմանավորված աշխատողների դրամական եկամուտների կրճատման, ռուսական ռուբլու արժեզրկման, ինչպես նաև ՌԴ սահմանների փակման հետևանքով:
Զբոսաշրջության հավանական կարուստներ, ռուսական ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված՝ հայկական շուկայում ռուսական ապրանքների էժանացման հետևանքով ներմուծման ծավալների աճի հաշվին հնարավոր կորուստներ»,- նշեց Ֆինանսների նախարարը:
Նա նաև ընդգծեց, որ Կառավարության կողմից կորոնավիրուսի հաղթահարման համար կիրառվող ներքին սահմանափակումների տնտեսության վրա ազդեցությունը և տնտեսական աճի հավանական կորուստները գնահատվել են հետևյալ հիմնական ուղղություններով` արդյունաբերության ճյուղի նվազում` հիմնականում մշակող արդյունաբերության, այդ թվում` սննդամթերքի և խմիչքների արտադրության ու էլեկտրաէներգիայի մատակարարման նվազման հետևանքով: Ծառայությունների ճյուղի նվազում, մասնավորապես` առևտրի, փոխադրումների, կացության և հանրային սննդի, ֆինանսական և ապահովագրական գործունեության, զբոսաշրջության, ինչպես նաև մշակույթի, զվարճությունների և հանգստի ու սպասարկման այլ ծառայությունների ծավալների նվազման հետևանքով:
Այս ամենն ազդելու է պետական բյուջեի վրա՝ տեղի կունենա հարկեր/ՀՆԱ հարաբերակցության կրճատում:
«Հաշվի առնելով նաև հարկեր/ՀՆԱ-ի կրճատումը, 2020թ. սպասվում է հարկային եկամուտների զգալի նվազում: Պետական բյուջեի պակասուրդի և պետական պարտքի աճ: Այս պարագայում, պետական բյուջեով նախատեսված ծախսերը, ինչպես նաև Կառավարության կողմից տնտեսական աջակցության հավելյալ միջոցառումներն իրականացնելու համար կառաջանա լրացուցիչ ֆինանսավորման կարիք: Արդյունքում՝ պետական բյուջեի պակասուրդը կաճի, և անհրաժեշտություն կառաջանա ներգրավել նաև պետական պարտք ներքին և արտաքին աղբյուրներից:
Տնտեսական անկման պայմաններում՝ գնահատվել է, որ 2020թ. հարկային եկամուտները պետական բյուջեի սցենարի համեմատ՝ կնվազեն մոտ 169.1 մլրդ դրամով: Արդյունքում, անփոփոխ պահելով ծախսերի մակարդակը և ներառելով 150 մլրդ դրամ տնտեսության օժանդակության փաթեթները, պետական բյուջեի պակասուրդը կաճի` հասնելով ՀՆԱ-ում 5.0%-ի, իսկ պետական բյուջեի լրացուցիչ ֆինանսավորման կարիքը կկազմի շուրջ 260 մլրդ դրամ»,- հավելեց նախարարը: