Կառավարությունն այլևս չի հավատում, որ այս տարի տնտեսական աճ կլինի. ինչի հաշվին է ակնկալվում ծածկել բյուջեի թերակատարումը

Կառավարությունն այլևս չի հավատում, որ այս տարի Հայաստանում տնտեսական աճ կլինի. ոչ միայն աճ չի լինի, այլև կանխատեսվում է, որ տնտեսությունը 2 տոկոս անկում կարձանագրի։  Կավելանա գործազրկությունը, կնվազեն եկամուտները։ Սպասումները հոռետեսական են տնտեսության գրեթե բոլոր առանցքային ոլորտներում և ուղղություններով։

Տնտեսության անկումը բացասական ազդեցություն կունենա նաև պետական բյուջեի մուտքերի վրա. կկրճատվեն հարկային եկամուտները։ Կմեծանա ճնշումը բյուջեի դեֆիցիտի և պետական պարտքի վրա։

Այս տարվա համար նախատեսված մուտքերի թերակատարումը գնահատվել է ավելի քան 169 մլրդ դրամի չափով։ Թերևս, դա էլ կառավարությանը կանգնեցրել է բյուջեում վերաբաշխումներ և փոփոխություններ կատարելու խնդրի առաջ։ Կվերանայվեն ինչպես՝ եկամուտները, այնպես էլ՝ ծախսերն ու դեֆիցիտը։ Եկամուտների առաջացող բացն ակնկալվում է լրացնել նոր վարկային միջոցներ ներգրավելու հաշվին, ինչը կհանգեցնի պետական պարտքի բեռի ավելացման։

Այս պահին մեր երկրի պետական պարտքը մոտենում է 7,4 մլրդ դոլարի։ Վերջին 2 տարիներին պարտքի ցուցանիշները որոշ չափով բարելավվել են, բայց պարտքը ոչ պակաս բարձր տեմպով շարունակել է ավելանալ։

Անցած տարի կառավարության պարտավորությունների աճը գերազանցեց 462 մլն դոլարը։ Պարտքի համալրումը տեղի ունեցավ մեծամասամբ արտաքին վարկերի հաշվին։ Այս հատվածում պարտքն ավելացավ ևս 312 մլն դոլարով։

Կառավարությունից բացի, վարկային պարտավորություններ ունի նաև Կենտրոնական բանկը։ Բայց ԿԲ բաժինը կազմում է պարտքի ընդամենը 6 տոկոսը։ Շուրջ 7,4 մլրդ դոլարից միայն 485 միլիոնն է ծանրացած Կենտրոնական բանկի վրա։ Մնացածը կառավարության բաժինն է, որն առաջիկայում կշարունակի ավելանալ։

Պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ այս պահին Հայաստանը շուրջ 1,5 մլրդ դոլարի վարկային միջոցների հասանելիություն ունի։ Բայց իշխանությունները մտադիր չեն սահմանափակվել դրանով։

Կավելանա պետական բյուջեի դեֆիցիտը։ Այն կհասնի ՀՆԱ 5 տոկոսին՝ հարկային եկամուտների նվազման և առողջապահության ու տնտեսության աջակցության ուղղությամբ ծախսերի մեծացման հետևանքով: Առաջացող ֆինանսական ճեղքը կփակվի Արժույթի Միջազգային Հիմնադրամից և այլ արտաքին ու ներքին աղբյուրներից ներգրավվող ֆինանսական միջոցների հաշվին։

Սպասվում է, որ բյուջեի դեֆիցիտը կհասնի 670 մլն դոլարի։ Այսինքն՝ առնվազն կկրկնապատկվի։

Բայց դա դեռ չի նշանակում, թե այդքանով կսահմանափակվի ֆինանսական միջոցների կարիքը։ Տնտեսական ճգնաժամից թելադրված անորոշությունները չափազանց շատ են, և դրանք առայժմ թույլ չեն տալիս լիարժեք գնահատել, թե մինչև ուր կարող է հասնել լրացուցիչ միջոցների ներգրավման պահանջարկը։ Մի բան, այնուհանդերձ, արդեն հստակ է. ներգրավվող լրացուցիչ միջոցների արդյունքում այս տարի կառավարության պարտքը կհասնի և, ամենայն հավանականությամբ, կանցնի ՀՆԱ 60 տոկոսից։

Դա այն սահմանափող չափն է, որից կառավարությունը չի կարող դուրս գալ։ Թեև իշխանությունների համար մեծ բան չէ այն վերանայելը։ Առավել ևս, որ ժամանակին մշտապես վարկերին դեմ քվեարկող Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում միանշանակ կողմ է վարկերի ավելացմանը։

Ինչպես հայտնի է, իշխանափոխությունից շատ չանցած նա մտադիր էր վերանայել և բարձրացնել արտաքին պարտքի սահմանափակումը՝ 60-ից հասցնելով ՀՆԱ 70 տոկոսին։ Այլ կերպ՝ հնարավորություն ստեղծել կառավարության համար շատ ավելի մեծ վարկային ու պարտքային բեռ դնել երկրի վրա։ «Մենք պետք է մտածենք` պատրա՞ստ ենք արդյոք այդ շեմը բարձրացնել 10 տոկոսով` դարձնելով 70 տոկոս»,- ասում էր վարչապետը։

Հետագայում, իհարկե, տուրք տալով հասարակության դժգոհություններին՝ կառավարության ղեկավարը հրաժարվեց գնալ այդ քայլին։ Բայց հիմա, ըստ էության, կրկին եկել է դրան վերադառնալու պահը, և առաջիկայում կտեսնենք, թե ո՞ր ճանապարհով կգնա կառավարությունը։

Արժույթի միջազգային հիմնադրամն արդեն սկսել է Հայաստանին ֆինանսական օժանդակություն տրամադրելու գործընթացը։ Խոսքը, իհարկե, վարկերի մասին է։ Դեռևս անցած տարվանից համաձայնեցված, այսպես կոչված, «Սթենդ-բայ» ծրագրի գումարները նախատեսվում է համալրել ևս 175 մլն դոլարով։ Ըստ այդմ, այն կհասնի 455 միլիոնի։

Ավելացումը հիմնավորվում է վճարային հաշվեկշռի ֆինանսավորման հրատապ կարիքներով, որոնք առաջացել են կորոնավիրուսային վարակի տարածման հետևանքով: Գումարները կուղղվեն բյուջե՝ բժշկական և սոցիալ-տնտեսական կարիքները հոգալու համար։

«Սթենդ-բայ» ծրագրի առաջին փուլի՝ 280 միլիոնի հասանելիության հնարավորություն կառավարությունը կստանա արդեն մայիսի երկրորդ կեսից։ ԱՄՀ-ն հույս ունի, որ հատկացվող գումարները հնարավորություն կտան օժանդակել իշխանությունների ջանքերին՝ պահպանելու Հայաստանի տնտեսության ներուժն ու ներառականության վերջին տարիների ձեռքբերումը։

Թե ինչքանո՞վ դա կհաջողվի, ժամանակը ցույց կտա։ Բայց Հիմնադրամի փորձագետների գնահատականները Հայաստանի տնտեսության ընթացիկ տարվա սպասումների վերաբերյալ լավատեսական չեն։

«Ինչպես այլ երկրներում, համաշխարհային ներկա ճգնաժամի հետևանքով Հայաստանի տնտեսության հեռանկարն առաջիկայում զգալիորեն թուլանալու է: Թեև կանխատեսումների անորոշությունը շատ բարձր է, քանի որ դժվար է կանխատեսել սահմանափակող միջոցառումների տևողությունը, 2020 թվականին սպասվում է -1,5 տոկոս տնտեսական աճ՝ հաշվի առնելով տեղաշարժման և գործունեության ներքին սահմանափակումները, արտաքին պահանջարկի զգալի նվազումը, ֆինանսական պայմանների խստացումը և համաշխարհային առևտրի և մատակարարման շղթաների խաթարումները»,- ոչ վաղ անցյալում այսպիսի կարծիք էին հայտնել Հայաստանի տնտեսության վերաբերյալ ԱՄՀ մասնագետները:

Տնտեսական իրավիճակի վատաթարացումը, նրանց գնահատմամբ՝ կբերի նաև գործազրկության աճին։ Կանխատեսվում է, որ այն 17,7-ից կբարձրանա մինչև 19 տոկոսի։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս