Պետության պահուստային կամ այլ ֆոնդերից լրացուցիչ ֆինանսներ է պետք հատկացնել կարևոր նախագծերի իրականացման համար․ Գիտնականները՝ վարչապետին
Հայ օգնության ֆոնդի Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամը (ANSEF) այս տարի ապրիլի 13-ին հանձնեց թվով 24 դրամաշնորհ։ Հիմնադրամի վերանայող հանձնաժողովը դիտարկել է ներկայացված 189 դիմում, որի արդյունքում առանձնացված 24 աշխատանքները ճանաչվել են Երվանդ Թերզյանի ANSEF 2020թ մրցանակակիրներ։
Ֆինանսները բավարարել են միայն 24 խմբերի համար, 28 խումբ էլ հաղթահարել է անցողիկի շեմը, բայց ֆինանսների սահմանափակ լինելու պատճառով գումար չեն ստացել, այնինչ, ինչպես այս, այնպես էլ՝ նախորդ տարիներին դուրս մնացած 28 նախագծերի մեջ, գիտության ոլորտի ներկայացուցիչների փոխանցմամբ՝ կան պետության համար մեծ նշանակություն ունեցող արդիական ծրագրեր։
Խնդրի հետ կապված՝ նրանք բաց նամակ են գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և առաջարկել պետության պահուստային կամ այլ ֆոնդերից լրացուցիչ ֆինանսներ հատկացնել կարևոր նախագծերի իրականացման համար:
«Հարգելի պրն Փաշինյան,
Վերջին ամիսներին ևս մեկ անգամ ապացուցվեց, որ Հայաստանում ստեղծված արտակարգ իրավիճակում երկրի անվտանգության լիարժեք ապահովումը խիստ կախված է զարգացած գիտության և ճարտարագիտության առկայությունից:
Ցավոք, գիտական կարևոր նախագծերը ֆինանսավորող հիմնադրամները սակավաթիվ են։ Տարիներ շարունակ հայազգի աշխարհահռչակ գիտնական Երվանդ Թերզյանի նախաձեռնությամբ ANSEF հիմնադրամն իրականացրել է մրցույթներ՝ աջակցելով գիտական խմբերին՝ մնալ և աշխատել Հայաստանում։ Հիմնադրամի միջոցով իրականացվում է միջազգային բարձրակարգ փորձաքննություն, բայց ռեսուրսների սղության պատճառով ոչ բոլոր արժանի նախագծերն են ֆինանսավորվում:
2019թ․ մրցույթին ներկայացված 189 հայտերից ընտրվել են 52 բացառիկ նախագծեր, սակայն ֆինանսավորվել են ընդամենը 24-ը, մինչդեռ դուրս մնացած 28 նախագծերի մեջ կան պետության համար մեծ նշանակություն ունեցող արդիական ծրագրեր։
Ուստի, այս բաց նամակով առաջարկում ենք պետության պահուստային կամ այլ ֆոնդերից լրացուցիչ ֆինանսներ հատկացնել վերոնշյալ նախագծերի իրականացման համար: Այն մոտավորապես կազմելու է 63 մլն ՀՀ դրամ, ինչը հնարավորություն կտա շուրջ 100 գիտնականների աշխատել առաջնային նշանակության խնդիրների լուծման ուղղությամբ և նպաստել Հայաստանում գիտության զարգացմանը:
Սա կխթանի նաև Հայաստան-Սփյուռք կապը, քանի որ մրցույթը բացառապես իրականացվում է սփյուռքի և առաջադեմ գիտական հաստատություններում աշխատող հայ գիտնականների ջանքերով»,- ասված է նամակում։
Նշենք, որ ANSEF-ը ստեղծվել է 2000թ. Նյու Յորքում ՀՕՖ-ի (Հայ օգնության ֆոնդ) հովանու ներքո: ANSEF-ի նպատակն է՝ նպաստել հայ գիտական մտքի զարգացմանը, աջակցել՝ ինչպես երիտասարդ, այնպես էլ՝ վաստակաշատ և փորձառու գիտնականներին: Սա գիտական մրցույթ է, որին կարող են դիմել գիտական բոլոր ինստիտուտների և գիտության բոլոր ճյուղերի ներկայացուցիչները: