«Այն արարողակարգը, որով սահմանված էր երկրի բարձրագույն ղեկավարների մասնակցությունը ոգեկոչման արարողությանը, նույնով արժեր պլանավորել նաև խորհրդարանական ներկայացուցիչների մասնակցությունը». Իվետա Տոնոյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի ոգեկոչման արարողությանը:
«Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ որոշում էր կայացվել, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կարող են այցելել բացառապես բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները: Իհարկե հասկանում եմ, որ անվտանգության նկատառումներով՝ անհրաժեշտ էին նման սահմանափակումները, սակայն, եթե խորհրդարանական կառավարման մոդել ունեցող երկրում պատգամավորները զրկված էին հուշահամալիր բարձրանալու և 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու հնարավորությունից, ապա ինչպե՞ս հասկանալ քաղաքապետ Մարությանի և մարզպետների մասնակցությամբ արդեն իսկ հայտնի տեսահոլովակի նկարահանումները:
Քաղաքապետի ու մարզպետների մասնակցությամբ կլիպ նկարահանելու թույլտվությանը զուգահեռ՝ թերևս, կարելի էր նաև խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներին էլ հնարավորություն ընձեռել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու: Թե չէ ստացվում է, որ անգամ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելն էր այսօր ծանոթ-բարեկամով…»,- գրել էր պատգամավորը:
168.am-ի հետ զրույցում անդրադառնալով գրառմանը՝ Իվետա Տոնոյանը նշեց, որ լավ հասկանում է, որ անվտանգության նկատառումներով՝ որոշակի սահմանափակումներ դնելու անհրաժեշտություն կար, սակայն իր համար տարօրինակ էր, որ խորհրդարանական կառավարման մոդել որդեգրած երկրում որևէ կերպ պատգամավորների մասնակցություն չի եղել հարգանքի տուրքի մատուցման գործընթացին:
«Առնվազն, գոնե խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների մակարդակով՝ կարելի էր այդ ամենը կազմակերպել և իրականացնել, առավել ևս, որ մենք բոլորս ականատես եղանք քաղաքապետի և մարզպետների մասնակցությամբ տեսահոլովակի լայնորեն տարածման, տրամանաբանական է, որ այն նկարահանվել է համապատասխան մասնագետների մասնակցությամբ:
Կարծում եմ՝ այստեղ որևէ կերպ չէր կարելի երկրորդել պատգամավորների կարևորությունը և նշանակությունը, երբ պատգամավորները կամ գոնե խմբակցությունների ղեկավարները զրկված էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրանալու և անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու հնարավորությունից»,- ասաց Իվետա Տոնոյանը:
Հարցին՝ պատգամավորները կամ խմբակցության ղեկավարը դիմե՞լ էին Կառավարությանը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրանալու համար, Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ նման տեխնիկական ընթացակարգի մասին տեղեկատվություն չունի:
«Բայց նույն այն արարողակարգը, որով սահմանված էր երկրի բարձրագույն ղեկավարների մասնակցությունը ոգեկոչման արարողությանը, նույն արարողակարգով արժեր պլանավորել նաև խորհրդարանական ներկայացուցիչների մասնակցությունը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ապրիլի 23-ի ուշ երեկոյան Սրբոց Նահատակաց եկեղեցում Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ իրականացրել են մոմավառություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, այսինքն՝ այս կերպ մենք մեր հարգանքի տուրքը մատուցել ենք զոհերի հիշատակին»,- եզրափակեց Իվետա Տոնոյանը: