Հիշում ենք ու պահանջում, որ կատարվածը երբեք չմոռացվի. Ֆրանկ Էնգելի ուղերձը՝ ապրիլի 24-ի առիթով
Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր, Լյուքսեմբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոս Ֆրանկ Էնգելը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով ևս մեկ անգամ հիշում ոճրագործոթյունն ու պահանջում, որ 1915-ին կատարվածը երբեք չմոռացվի և չկրկնվի: Էնգելն այս մասին ասել է «Արմենպրես»-ին տրամադրած տեսաուղերձում:
2020-ի ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրն է, սակայն այն նման չէ մյուսներին․ Էնգելը փաստել է՝ առաջին անգամ է, որ ոգեկոչումը տեղի է ունենում վիրտուալ աշխարհում, օնլայն տարբերակով: «Երևանում՝ Ծիծեռնակաբերդում, այսօր միլիոնավոր մարդիկ չկան, հավաքներ չկան այն հիմնական վայրերում, որտեղ հայերը հավաքվում են ողջ աշխարհում: Ես կվերադառնամ, օրինակ, 2015 թվական, երբ մենք կարողացանք մեծ ոգեկոչման արարողություն կազմակերպել Ստամբուլում, որը պահանջում էր հազարավոր մարդկանց ֆիզիկական ներկայություն: Դա հնարավոր չի լինի այս տարի որևէ տեղ: Սակայն Ցեղասպանության ճանաչումը, այն ժամանակ գործված մեղքերի ճանաչումը, կատարված հանցագործության ճանաչումը չպետք է կանգ առնի»,- շեշտել է նա:
Էնգելը ուրախությամբ նշել է, որ կարողացել է իր փոքր նպաստն ունենալ իր երկրի՝ Լյուքսեմբուրգի կողմից երկու տարի առաջ ցեղասպանության ճանաչման գործում: «Եվ ես նաև ուրախ կլինեի այս տարի ոգեկոչմանը ֆիզիկապես մասնակցել: Սակայն դա հնարավոր չէ, մենք բոլորս գիտենք, թե ինչու, բայց, միևնույն ժամանակ, մենք բոլորս գիտենք, որ տարբերություն չկա, ցեղասպանությունը կատարվել է, և ցեղասպանությունը երբեք չպիտի կրկնվի: Այսպիսով՝ այս անգամ՝ վիրտուալ միջավայրում, բայց ավելի ուժգին կերպով ոչ միայն հիշում ենք, այլ նաև պահանջում, որ կատարվածը երբեք չմոռացվի և երբեք չկրկնվի»,-եզրափակեց նա: