Բաժիններ՝

Հայ ժողովրդի խոնարհումն անմեղ զոհերի հիշատակին կարևոր ուղերձ է միջազգային հանրությանը. Աշոտ Ղուլյան

Հայոց ցեղասպանության ճանաչումը պատվի և արժանապատվության հարց է:

Ստեփանակերտի «Զանգակատուն» հուշակոթողին իր հարգանքի տուրքը մատուցելուց հետո այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Նրա խոսքով՝ մեկ դար առաջ տեղի ունեցածը համայն մարդկության համար կարևոր ազդակներից մեկն է այն մասին, թե ինչպիսի վտանգներ և սպառնալիքներ կարող են լինել հետագայում:

«Կարծում եմ՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելի դարձնելն ու այն դատապարտելն ավելի շատ միտված է, որպեսզի նման հանցագործությունները՝ որոնք վաղեմության ժամկետ չունեն, հետագայում սպառնալիք չդառնան այլ ժողովուրդների համար: 1915 թվականին, դրանից առաջ և հետո Թուրքիայի կատարած ոճրագործությունների շարունակությունը փորձեց իրականացնել Ադրբեջանն Արցախի Հանրապետության տարածքում: Այն, ինչ տեղի է ունեցել 1990-ական թվականների սկզբին՝ արցախյան ազատամարտի իրադարձությամբ, փաստում է այն մասին, որ հերթական ցեղասպանության փորձը և սպառնալիքը կախված էր հայ ժողովրդի գլխին: Հայ ժողովուրդն իր միասնական ջանքերով կարողացավ չեզոքացնել այդ սպառնալիքը, և ավելին՝ ստեղծել երկու հայկական հանրապետություններ: Ցեղասպանությունները մերժելու և այդ ցավը կրկին չապրելու ամենակարևոր միջոցը անկախ պետականություն ունենալն է: Ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում Արցախում, Մայր Հայաստանում և Սփյուռքում: Յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ին հայ ժողովուրդն իր խոնարհումն է բերում անմեղ զոհերի հիշատակին, որը կարևոր ուղերձ է միջազգային հանրությանը»,-մասնավորապես ասել Ա. Ղուլյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս