Վերաքննիչը բեկանել է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի բնակարանում խուզարկություն կատարելու որոշումը

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանի փաստաբաններ Հրանտ Անանյանի և Լուսինե Ասլանյանի ներկայացրած Վերաքննիչ բողոքը և բեկանել է Առաջին ատյանի դատարանի՝ Հովհաննես Շահինյանի բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվության մասին որոշումը:

Տեղեկությունը 168.am-ին հայտնեց փաստաբան Հրանտ Անանյանը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի փետրվարի 20-ին Հովհաննես Շահինյանի բնակարանում դատարանի որոշմամբ իրականացվել էր խուզարկություն, սակայն ոչինչ չէր առգրավվել: Խուզարկությունը կատարվել էր կաշառք տալ-ստանալու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում: Հաջորդ օրը՝ փետրվարի 21-ին, Հովհաննես Շահինյանը հրավիրվել էր Երևան քաղաքի քննչական վարչություն՝ հարցաքննության:

Հովհաննես Շահինյանը հայտնել էր, որ իրեն առաջադրված մեղադրանքը կաշառքի օժանդակություն է: Ըստ նրա՝ հոդվածն ունի 15 տարվա վաղեմության ժամկետ, մինչդեռ ակտում նշված իրադարձություններից անցել է 13 տարի: 2019 թվականի դեկտեմբերին Հ. Շահինյանը նաև հրավիրվել էր ԱԱԾ, այնտեղ հրաժարվել էր բացատրություն տալ:

Երևան քաղաքի քննչական վարչությունից դուրս գալուց հետո Հ. Շահինյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե այն գործը, որի շրջանակներում կանչվել էր հարցաքննության, իր հետ որևէ  առնչություն չունի, և ինքը հրաժարվել է ցուցմունք տալ:

Տեսանյութեր

Լրահոս