Փայլանը Թուրքիայի Մեծ ժողովին կոչ է արել հետաքննություն սկսել Հայոց Ցեղասպանության առնչությամբ
Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի պատգամավոր Գարո Փայլանը Հայոց ցեղասպանության աղետն ուսումնասիրելու պատասխանատուներին ու ոճրագործներին ճշտելու և ուշացած արդարությունը ապահովելու նպատակով հետաքննություն սկսելու առաջարկ է արել Մեծ ժողովի նախագահությանը։
Այս մասին ասված է պատգամավորի տարածած հաղորդագրության մեջ։
«Ապրիլ 24-ը Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրն է։ 1915թ. ապրիլի 24-ին Օսմանյան մայրաքաղաքում, կառավարության իսկ որոշմամբ, ձերբակալվեց ու աքսորի ենթարկվեց արևմտահայ մտավորական ընտրանին, որի մեծ մասը ապա պիտի սպանվեր Անատոլիայի տափաստաններում»,- նշել է պատգամավորը։
Փայլանն ընգծել է, որ 1915 թ. գործի դրվեց ոչնչացումի ծրագրված քաղաքականությունը, որը տարբեր երկրների խորհրդարանների և ՄԱԿ-ի կողմից սահմանված է որպես «Ցեղասպանության հանցագործություն»։ Մինչդեռ հայ ժողովուրդին պատահած այս մեծ աղետից հետո 105 տարի անց էլ, Թուրքիայի խորհրդարանի կողմից այս փաստը չի քննարկվել, արդարությունը չի վերականգնվել ու պատահածը չի ստացել իր գնահատականը։
«Աշխարհասփյուռ հայությունը մեկ դար է` արդարության է սպասում, որը կարելի է հաստատել միայն Թուրքիայի ժողովրդի, հասարակության խղճում և Թուրքիայի խորհրդարանի ներսում։ Այս կապակցությամբ առաջարկել ենք խորհրդարանական պատշաճ հետաքննություն սկսել 1915-ին հայ ժողովրդին պատուհասած աղետն ուսումնասիրելու, պատասխանատուներին ու ոճրագործներին ճշտելու, անցյալի հետ առերեսվելու և ուշացած արդարությունը ապահովելու նպատակով»,- գրել է Փայլանը։