Հայաստանն արդեն 2 միլիարդ դոլար է կորցրել. Վահրամ Ավանեսյան. «Ա1+»
2020 թվականին իրական ՀՆԱ-ն կնվազի շուրջ 2 տոկոսով: Սա պաշտոնապես հայտարարվել կառավարության նիստում՝ ՀՀ տնտեսությունում ներկայումս կիրառվող սահմանափակումների և արտաքին աշխարհից ներթափանցող ռիսկերի, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից այդ զարգացումներին հակազդելու համար կիրառվող 150 մլրդ աջակցության փաթեթների ազդեցության գնահատման արդյունքում։
Ըստ այդմ՝ 2020թ.-ին հարկային եկամուտները պետական բյուջեի սցենարի համեմատ կնվազեն մոտ 169.1 մլրդ դրամով, պետական բյուջեի պակասուրդը կաճի՝ հասնելով ՀՆԱ-ում 5.0%-ի, իսկ պետական բյուջեի լրացուցիչ ֆինանսավորման կարիքը կկազմի շուրջ 260 մլրդ դրամ։
«Ա1+»-ի հարցերին պատասխանում է Էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանը։
– Պարոն Ավանեսյան, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց, որ նոր կորոնավիրուսի համաճարակի առաջացրած ճգնաժամը «ՀՆԱ-ի իրական աճի տեսանկյունից 2-2,4 տոկոս բացասական ազդեցություն կարող է ունենալ», բայց դուք մոտ 15 տոկոս անկում էիք կանխատեսել: Կառավարությունը մե՞ղմ է գնահատում իրավիճակը:
– Ես չեմ գնահատել 2020թ. տնտեսական աճի մեծությունը, ես գնահատել եմ, թե ինչքան կորուստներ կունենա ՀՀ-ն կորոնավիրուսից: Կորուստները գնահատվել են առանց միջամտությունների, առանց պետական աջակցության, առանց իներցիոն աճի, առանց զարգացման աճի: Դա բազային միջին գնահատականն է: Իմ գնահատականներում հաշվի չեն առնվել, թե կառավարության այս ծրագրերն ինչ ազդեցություն կունենան տնտեսական աճի նվազման, մեղմացման տեսանկյունից: Եվ պետք չէ իմ գնահատականը համեմատել կառավարության գնահատականների հետ: Բայց դա այնքան էլ ցածր թիվ չէ: Եթե բյուջեով 4,9 տոկոս աճ էինք սպասում, իսկ հավակնությունները մինչև 7-8 տոկոսի էին, ապա 2- 2,4 տոկոսը շատ զգալի փոփոխություն է:
– Դուք նաև ասել էիք, որ արտակարգ դրություն հայտարարելուց հետո յուրաքանչյուր օր Հայաստանն ունենալու է 51 մլն դոլարի կորուստ: Այսինքն Հայաստանն արդեն 2 մլրդ դոլարի կորո՞ւստ է կրել:
– Այո, այդպես է ստացվում, կորցնում ենք: Օրինակ, առաջին երկու ամիսներին տնտեսությունն աճել է, ենթադրում եմ, որ եռամսյակային տվյալներով էլ կաճի, բայց հետո բացասական ազդեցությունն արդեն էական կլինի:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: