Գրողների միությունը լույս է ընծայել «Հողը կը խօսի» ժողովածուն
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդառաջ Հայաստանի գրողների միությունը հրատարակել է «Հողը կը խօսի» ժողովածուն, որում ընդգրկված են եղեռնազոհ գրողների ստեղծագործությունները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքում ներառվել են Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբեն Սևակի, Արտաշես Հարությունյանի, Գրիգոր Զոհրապի, Երուխանի, Թլկատինցու, Գեղամ Բարսեղյանի, Տիգրան Չյոքուրյանի և Ռուբեն Զարդարյանի գործերը:
Կայքի հետ զրույցում Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ գիրքը 2015 թվականին հրատարակվել է չորս լեզվով՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն:
Գերմաներեն գիրքը լույս է տեսել նաև Գերմանիայում: Գրքի շնորհանդեսն անցկացվել է Մագդեբուրգ քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցում, այնուհետև այն ներկայացվել է Հալլեի քաղաքապետարանում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին չորս լեզվով հրատարակված գիրքը ցուցադրվել է Մոսկվայում, Վիեննայում, Մայնի Ֆրանկֆուրտում, Սալոնիկում, Ժնևում, Փարիզում և այլուր:
«Հայոց լեզվով գիրքը նոր ենք հրատարակել: Աշխատում էինք այն օտար լեզուներով ներկայացնել՝ միջազգային հանրությանը ծանոթացնելով եղեռնազոհ գրողների ստեղծագործություններին: Այժմ մտածում ենք այն թարգմանել նաև այլ օտար լեզուներով»,-նշեց Միլիտոնյանը:
Գիրքը կազմել է Հայաստանի գրողների միությունը, այն լույս է ընծայել «Վան Արյան» հրատարակչությունը՝ Լեոնիդ Գոգորյանի աջակցությամբ։
Ծրագրի ղեկավարն ու խմբագիրն Էդվարդ Միլիտոնյանն է,
կազմողները ՝ Հերմինե Նավասարդյանն ու Տիգրան Գաբոյանը։