Բաժիններ՝

«Տղերք, մի քանդեք բանկային համակարգը», «Բանկերից փողերի արտահոսք կարող է լինել, մարդիկ փողերը բանկերից կհանեն». Ահազանգում են տնտեսագետները

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը ՀՀ հարկային մարմիններին՝ առանց դատարանի որոշման:

Հակիրճ բնութագրմամբ՝  «Նախագծի մշակումը նպատակ է հետապնդում օրենսդրորեն ամրագրել հարկային մարմնի կողմից բանկային գաղտնիք համարվող տեղեկությունները ստանալ և օգտագործել հարկային մարմնի իրավասության շրջանակներում իրականացվող հարկային հսկողության նպատակներին համապատասխան»:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունից հետո սա Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջին փորձը չէ: ԱԺ-ն արդեն ընդունել էր Կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը, որով իրավապահներին հնարավորություն էր տրվում ստանալ ոչ միայն մեղադրյալների և կասկածյալների մասին բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները, այլև նրանց հետ փոխկապակցված անձանց մասին տվյալները, միայն դատարանի որոշմամբ ու գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի համաձայնությամբ։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, սակայն, չէր ստորագրել ԱԺ ընդունած օրենքները և դրանց Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով դիմել էր Սահմանադրական դատարան:

Սահմանադրական դատարանը քննության է ընդունել Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխությունների սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը. գործի քննությունը սկսվելու է ապրիլի 28-ին՝ ժամը 11:00-ին։

Այսպիսով, մինչ սույն օրենքի շուրջ փոփոխությունների առաջին փուլը դեռ անորոշությամբ է պատված, ՊԵԿ-ը մեկնարկում է երկրորդ փուլի քննարկումները:

Ի դեպ, ինչպես «Հայաստանի Հանրապետության բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԱԺ ընդունած օրենքի վերաբերյալ, այնպես էլ ՊԵԿ-ի կողմից ներկայացրած նոր նախագծի վերաբերյալ շատ տնտեսագետներ ու փորձագիտական շրջանակների տարբեր ներկայացուցիչներ մի շարք վտանգավոր հետևանքներ են կանխատեսում:

«Եթե նման բան լինի՝ բանկերից փողերի արտահոսք կարող է լինել, մարդիկ փողերը բանկերից կհանեն»

168.am-ի հետ զրույցում ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար, Բանկերի միության նախկին նախագահ, տնտեսագետ Արմեն Եղիազարյանը ՊԵԿ ներկայացրած նոր նախագծի առնչությամբ նշեց.

«Այդ նախագիծը վերացնում է բանկային գաղտնիքը որպես այդպիսին՝ տարբեր տիպի հետևանքներով: Եթե նման բան լինի՝ բանկերից փողերի արտահոսք կարող է լինել, մարդիկ փողերը բանկերից կհանեն»:

Հարցին՝ արդյո՞ք պետք է ակնկալել ԿԲ արձագանքն այս առնչությամբ՝ Եղիազարյանը պատասխանեց. «Կենտրոնական բանկը պիտի համակարգի շահերը պաշտպանի»:

«Տղերք, մի քանդեք»

ԿԲ լռությունը, սակայն, անհասկանալի է Ֆինանսների նախկին նախարար, տնտեսագետ Էդվարդ Սանդոյանի համար. նա ՊԵԿ-ի կողմից ներկայացված նախագծի վերաբերյալ ֆեյսբուքյան հակիրճ գրառմամբ իր մտահոգությունն էր հայտնել.

«Այս ամենը խայտառակ բացասական հետևանքներ է ունենալու: Ես հասկանում և պաշտպանում եմ ՊԵԿ-ի ցանկությունը, բայց ոչ մի կերպ չեմ ընկալում ԿԲ-ի լռությունը: Մենք մեծ դժվարությամբ ենք կայացրել բանկային համակարգը: Տղերք, մի քանդեք»:

«Գործող իշխանությունները հետևողական գործառույթ ունեն կազմաքանդելու այն բոլոր կառույցները, որոնք տասնամյակների ընթացքում հաջողվել է կառուցել»

Մեզ հետ զրույցում այս և նախորդ նախագծերի վերաբերյալ իր մտահոգությունները ներկայացրեց նաև ԱԺ Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանը.

«Կարծում եմ, որ գործող իշխանությունները հետևողական գործառույթ ունեն կազմաքանդելու այն բոլոր կառույցները, որոնք տարիների, նույնիսկ տասնամյակների ընթացքում հաջողվել է կառուցել մեր անկախացումից ի վեր: Թերևս, մնացել է վերջին այդպիսի կառույցը՝ բանկային համակարգը, և հիմա նրանք հետևողականորեն ուզում են քանդել նաև բանկային համակարգը:

Ի դեպ, բանկային գաղտնիքի մասին օրենքի շուրջ սա առաջին նախաձեռնությունը չէ. արդեն մի այդպիսի նախաձեռնություն եղավ և ընդունվեց, և սրանից հետո, ես կարծում եմ, մի հատ էլ կխաթարվի մարդկանց վստահությունը դեպի բանկային համակարգը»:

Գ. Մինասյանն առանձնացրեց մի քանի անմիջական հետևանքներ.

«Առաջինը՝ մարդիկ կխուսափեն իրենց ավանդները կամ ազատ միջոցները բանկային համակարգում պահել (դա վերաբերում է ոչ միայն անհատ քաղաքացիներին, այլև տնտեսվարող սուբյեկտներին), որովհետև անկախ իրենց իմացությունից՝ դրանք պետք է միշտ թափանցիկ լինեն երրորդ կողմի համար, երկրորդ՝ սա պետք է իսկապես նվազեցնի արտաքին ներդրումները դեպի Հայաստան, որն այս պարագայում էլ ավելի խոցելի է՝ հաշվի առնելով, որ առաջիկայում կորոնավիրուսից հետո տնտեսության վերականգնման համար կարևորագույն խնդիր են լինելու ներդրումները:

Իսկ որպես այս երկուսի հետևանք՝ կարելի է ֆիքսել տնտեսական ակտիվության էական նվազեցումը, գործազրկությունը և հասարակության աղքատացումը. Ահա այն ամենը, ինչն ակնհայտորեն հետևելու է այս օրենքին»:

Հաշվի առնելով այն, որ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջին նախաձեռնության վերաբերյալ Կառավարությունը նշում էր, որ դիտարկվել է սկանդինավյան երկրների փորձը՝ մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք հիմնավորված չէ սկանդինավյան երկրների փորձով առաջնորդվելու մոտեցումը:

Նա նկատեց, որ այդ մոտեցումը հիմնավորված է սկանդինավյան երկրների համար.

«Հայաստանի Հանրապետությունն ինչո՞վ է նման սկանդինավյան երկրներից որևէ մեկին. որևէ բանով նման չէ, հետևաբար, այն՝ ինչը մեզ մոտ իրեն արդարացրել է, դա չի կարելի գրչի մի հարվածով մի կողմ շպրտել, ինչ է թե՝ նմանվում ենք սկանդինավյան երկրներին: Հազար ու մի բանով մենք տարբերվում ենք. եկեք հազար ու մի բանով նմանվենք, հետո նոր մեր բանկային համակարգը համապատասխանեցնենք սկանդինավյան երկրներին, էդ ի՞նչ տարօրինակ մոտեցում է»:

ԿԲ ակնկալվող արձագանքի մասին մեր դիտարկմանը Գ. Մինասյանն արձագանքեց. «Այն իրավիճակում, որում այսօր գտնվում է Հայաստանը, անձնիշխանություն է: Մի անձը որոշում է ցանկացած ոլորտում իրականացվող քաղաքականության ճակատագիրը. Եթե ԿԲ-ն հանկարծ փորձի ընդվզել, ապա ակնհայտորեն ասպատակում կսկսվի նաև այդ կառույցի վրա: Բանկային համակարգը չափազանց զգայուն համակարգ է՝ նրա նկատմամբ էսպիսի բիրտ մոտեցումները շատ ավելի արագ կփլուզեն էդ համակարգը, քան մյուս համակարգերը»:

Տնտեսագետը հենց այդ հիմնավորմամբ նաև մեկնաբանեց բանկային համակարգի պատասխանատուների հավանական համաձայնողական վերաբերմունքը:

Ներկայումս Հայաստանում գործում է 1996թ. ընդունված «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը, ըստ որի՝ քրեական հետապնդում իրականացնող մարմինները կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվություն կարող են ստանալ միայն դատարանի որոշմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս